Շարունակվում են Օհանավանի նորահայտ ժայռափոր համալիրում իրականացվող փրկարարական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Մհեր Խեչոյան)։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Պեղումների ընթացքում բացվում է համալիրի տնտեսական նշանակության քարայր-կացարաններից մեկը, որի վերնամասում պահպանվել է ժայռի մեջ փորված հնձանի հատվածը՝ ժայռափոր հորերով ու ակոսներով։
Աշխատանքների ընթացքում ի հայտ են գալիս իրավիճակներ, որոնք պահանջում են տեղում արագ ամրակայում և վերականգնում։ Այդ աշխատանքներն իրականացվում են գիտահետազոտական մեր կենտրոնի վերականգնող մասնագետների կողմից։
Հիշեցնենք, որ ժայռափոր դամբարանը հայտնաբերվել էր 2024 թ․ փետրվարին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում։
Պեղումներն ընթացքի մեջ են։