Հետևեք մեզ։

Ռուսական հարվածներից Տերնոպոլում 16 մարդ է զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել

15:38, 19 նոյեմբեր 2025
Ռուսական հարվածներից Տերնոպոլում 16 մարդ է զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել

Ռուսաստանը գիշերը 48 հրթիռներով և 476 անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Ուկրաինայի տարածքը։ Տերնոպոլում վնասվել է երկու բազմաբնակարան շենք։ Առնվազն 16 մարդ զոհվել է, 64-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։

Վիրավորներից 14-ը երեխաներ են։ Բացի երկու բազմաբնակարան շենքերից, վնասվել են նաև արդյունաբերական և կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։ Փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են։ 

Խարկովում ռուսական հարվածների հետևանքով 46 մարդ է վիրավորվել։ Վնասվել են 16 բազմաբնակարան շենք, 31 ավտոմեքենա, արտակարգ բուժօգնության ենթակայան, սուպերմարկետ և այլ շենքեր։ 

Ռուսական հարվածներից Լվովում վնասվել են էներգետիկ օբյեկտ, փայտավերամշակման գործարան և պահեստ։ 

Իվանո-Ֆրանկովսկում ռուսական հարվածներից երեք մարդ է տուժել, այդ թվում՝ երկու երեխա։ 

Էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորման հետևանքով Ուկրաինայի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ նոյեմբերի 19-ի առավոտյան հայտարարել է, որ նախօրեին Ուկրաինան Վորոնեժի վրա արձակել է ամերիկյան արտադրության չորս ATACMS հրթիռ։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ATACMS հրթիռները խոցվել են, հրթիռի բեկորները վնասել են մի քանի շենք։ 

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի տարածքին ATACMS հրթիռային համալիրներից հարված հասցնելու մասին։ 

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը նաև նշել է, որ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական 65 անօդաչու երկրի տարբեր մարզերի երկնքում։ 

 

Վերլուծական