Հետևեք մեզ։

Մինչև գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը ՀԷՑ-ը ապահովելու է նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը․ հայտարարություն

16:42, 19 նոյեմբեր 2025
Մինչև գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը ՀԷՑ-ը ապահովելու է նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը․ հայտարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի նոյեմբերի 17-ի նիստի արդյունքներով Հանձնաժողովն ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշում։ Հայտարարել է ՀԷՑ-ը։
 
Համաձայն գործող իրավակարգավորումների՝ մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը, Ընկերությունը` գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո, շարունակելու է իր բնականոն գործունեությունը՝ իրականացնելով էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով վերապահված գործառույթները և ապահովելով դրանց շրջանակում նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը, այդ թվում ստանձնված պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարումը:
 
Մասնավորապես՝ վերոգրյալի համատեքստում, բացի Ընկերության ունեցած պարտավորությունների ընթացիկ մարումներից, Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո իրականացվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում:
 
 
Հիմք ընդունելով Ընկերության ֆինանսական վիճակը՝ աներկբա է, որ Ընկերությունն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի և կատարողական ակտերի:

Վերլուծական