Հետևեք մեզ։

Ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը

20:18, 19 նոյեմբեր 2025
Ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը: 
Նախարար Սրբուհի Գալյանը ֆորումի փակմանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արդարադատության նախարարության գործընկերներին՝ ջերմ ընդունելության, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու, երկու օր շարունակ արդյունավետ քննարկումների, արժեքավոր մտքերի և համատեղ աշխատանքի համար։


Ֆորումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնել իրականացված բարեփոխումները, այլև ստեղծում է անկեղծ երկխոսության և փորձի փոխանակման միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ և նախաձեռնություններ։

Նախարարը նշել է, որ այս երկու օրերի քննարկումների ընթացքում անդրադարձ է  կատարվել արդարադատության ոլորտի լայն շրջանակն ընդգրկող թեմաներին, որոնք ոչ միայն խորացրել են փոխըմբռնումը երկու երկրների միջև, այլև բացել են նոր հնարավորություններ՝ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար։ 
Սրբուհի Գալյանն ընդգծել է , որ ֆորումի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գաղափարները վերածվելու են գործնական արդյունքների՝ նպաստելով արդարադատության համակարգի շարունակական զարգացմանը։                                                                   Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը համատեղ աշխատանքի համար և նշել, որ Վրաստան-Հայաստան իրավական ֆորումը դարձել է երկու երկրների գործընկերության ամրապնդման կարևոր հարթակ։ 
Վրաստանի արդարադատության նախարարը շեշտել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երկու  երկրների արդարադատության համակարգերի կատարելագործմանը:

 

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ իրավական հաջորդ ֆորումը տեղի կունենա 2026 թվականին՝ Հայաստանի Հանրապետությունում:

Վերլուծական