2024 թվականին միանվագ ծննդյան նպաստ է տրվել 1,450 երեխայի, որոնք ՀՀ քաղաքացիների երեխաներ են, ծնվել են այլ երկրներում և այլ երկրի ծննդական գրանցում ունեն, բայց ՀՀ քաղաքացիության ակտերում դեռ չեն գրանցվել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը պարզաբանեց՝ ծննդից հետո մեկ տարվա ընթացքում, եթե երեխան ստանձնի ՀՀ քաղաքացիություն, կստանա նպաստը: Այլապես, գումար չի տրվի: Նույն կարգը գործում է նաև 50 հազար դրամի օգնության դեպքում երրորդ և հաջորդ երեխաների համար: Թորոսյանի խոսքով, սա պետք է խթանի քաղաքացիներին պատշաճ գրանցումներ ապահովել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ տասնյակ տարիներ այդ նպաստները դուրս են գնացել Հայաստանից առանց որևէ վերահսկողության, և դա հսկայական ֆինանսական կորուստ է ներկայացնում: Թորոսյանը հավելեց, որ միայն միանվագ գումարներով տարեկան կորուստը կազմում է մոտ 600 մլն դրամ։
Փաշինյանը նկատեց, որ պետությունը պետք է նպաստը տրամադրի միայն այն մարդկանց, ովքեր կապ ունեն Հայաստանի հետ և իսկապես այստեղ են ապրում, այլ ոչ թե արտերկրում՝ իմանալով, որ գումարները կուղղվեն երկրից դուրս։
«Չի կարելի ըտենց բան անել։ Եթե մարդն իրեն չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չի, ինչի՞ պետք է իրեն Հայաստանը վճարի։ Մարդիկ ստեղ աշխատեն, Մոնտե Կառլոյում վճարե՞նք»,-ասաց Փաշինյանը։