Հետևեք մեզ։

Մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, որոնք ուզում են լուսանկարվել, լուսանկարվեն, և պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաև զբոսաշրջային հոսքերի համար․ Փաշինյանը՝ կամուրջների մասին

16:33, 20 նոյեմբեր 2025
Մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, որոնք ուզում են լուսանկարվել, լուսանկարվեն, և պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաև զբոսաշրջային հոսքերի համար․ Փաշինյանը՝ կամուրջների մասին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է պատմամշակութային արժեք հանդիսացող կամուրջների վերանորոգման խնդրին:

«Մենք Գանձաքար-Իծաքար ճանապարհին ունենք Հախումի կամուրջը, որը պատմամշակութային արժեք է, և մենք այստեղ որոշեցինք, որ զուգահեռ կկառուցենք մետաղյա կամուրջ, և պատմամշակութային հուշարձանին տրանսպորտային դերից կազատենք և կվերապահենք բացառապես պատմամշակութային նշանակություն: Սա նշանակում է, որ մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, որոնք ուզում են լուսանկարվել, լուսանկարվեն, և պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաև զբոսաշրջային հոսքերի համար», - ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարը նշել է՝ Ստեփանավան-Օձուն ճանապարհին էլ կա պատմական կամուրջ և հանձնարարական տվել, որ դա նույնպես լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ Լոռու մարզ վարչապետի այցելության ժամանակ տրված հանձնարարականի հիման վրա նախագծվել է մետաղական բազմակի օգտագործման կամուրջ՝ 3 մետրից մինչև 42 մետր մոդուլով ցանկացած տեղ կիրառելու համար: «Ուզում եմ տեղեկացնել, որ նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, փորձաքննության փուլն իրականացրել ենք և ավարտել: Առաջիկայում պատրաստ կլինենք արդեն պատվիրելու մետաղական կամուրջների շինարարության նախագիծ ՏԿԵՆ-ի գործընկերների հետ, որը կարող է ունենալ 3 մետրից մինչև 42 մետր թռիչք»,- ասել է Եղիազար Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ավարտվել են Հախումի կամրջի նախագծային աշխատանքները, լուսավորության և մնացյալ կամրջին անհրաժեշտ վերականգնման մասով: «Յաղդանը նույնպես գործընթացի մեջ է Ձեր հանձնարարականից հետո: Ընդ որում՝ Դուք խնդիր էիք դրել արահետներով մոտենալու, այսինքն՝ խոսքը միայն կամրջին չէր վերաբերում, այլև հարակից տարածքի բարեկարգմանը: Այդ տրամաբանության մեջ նախագծային աշխատանքներն արվում են: Կարծում եմ, որ եկող տարվա մեջ դա հնարավոր է իրականացնել, ավարտել: Հախումի կամրջի մասով նույնպես արդեն եկող տարի բուն աշխատանքները կմեկնարկեն, և մյուսներն էլ: Այդ բոլոր կամուրջները, որոնք նշվեցին, մենք էլ ենք շատ կարևորում հուշարձանների վերականգնումը և ամրակայումը, իրականում բացահայտումներ են, որ առաջին հերթին մեր հանրությանն էլ են թույլ տալիս հասկանալ, որ պատմամշակութային ժառանգությունը բազմազան է: Մենք միշտ մի ուղղությամբ ենք մեր ժառանգությունը պատկերացնում, բայց իրականում աշխարհիկ քաղաքացիական կառույցները դրա շատ կարևոր մասն են: Այդ բոլորը կնախատեսենք, բյուջեն դա մեզ թույլ է տալիս: Մենք անգամներով ավելացրել ենք հուշարձանների վերականգնման բյուջեն 2018 թվականի համեմատ, և կարծում եմ, որ բոլոր աշխատանքները կարվեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Թեմայի վերաբերյալ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ նշել է, որ այս տարվա ընթացքում հիմնանորոգել և շահագործման ենք հանձնել մի քանի կամուրջներ. «Մասնավորապես՝ Հաճնի կամուրջը, 2 կամուրջ հիմնանորոգել ենք Վաղարշապատում՝ նախկին Խոյ համայնքի տարածքում, այս պահին ընթանում են Հայանիստի կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որը փլուզվել էր: Ընթանում են նաև Մրգաշատի կամրջի հիմնանորոգման աշխատանքները, և շուրջ 2 տասնյակ կամուրջների կառուցման աշխատանքներ են ընթանում Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածում»:

Վերլուծական