Հոկտեմբերի վերջին շաբաթում Գերմանիայի Restart Initiative և Hertie School կազմակերպությունները Բեռլինում կազմակերպել են ևս երկու երկխոսություն հայ և ադրբեջանցի փորձագետների ու բիզնես համայնքի ներկայացուցիչների միջև՝ զբոսաշրջության և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման թեմաներով։
«Անձամբ ես շատ ուրախ էի սկսել քննարկումներ այն մասին, թե ինչպես կարող ենք վերջապես գործնական մակարդակում սկսել համատեղ առևտուր և բիզնես համագործակցություն՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև համաշխարհային հարթությունում։ Վերջին զարգացությունների լույսի ներքո դա դառնում է ավելի ու ավելի իրական»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանցի Էմին Միլլին և հրապարակել լուսանկար։
Նա նշել է՝ հավատում է՝ առևտուրը և տնտեսական համագործակցությունը կօգնեն հասարակություններին ավելի խոր կապեր հաստատել և մոտեցնել երկու ժողովուրդների ու բոլոր հարևանների միջև տևական խաղաղությանը։
«Սա մեր փոքր ներդրումն է մեր տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման գործում»,-գրել է նա։