Դատարանը բավարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկարացվել դատարան։
Երեկ հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է:
24News-ի տեղեկություններով, Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է 2 օր առաջ իրենց իսկ գործով դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության, այն է՝ «իրանց կնգտիք թող պատրաստվին» (նկատի ունենալով նրանց, ովքեր կասկածում են, որ իրենք կաշառակեր են, – խմբ.) համար:
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Նա գտնվում էր տնային կալանքի տակ: