Հետևեք մեզ։

Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են՝ որպես Հայաստանի համազգային առաջնորդ, ով կարողացել է նոր էներգիա ներարկել իր երկրի զարգացմանը. Տոկաևը՝ Փաշինյանին

17:09, 21 նոյեմբեր 2025
Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են՝ որպես Հայաստանի համազգային առաջնորդ, ով կարողացել է նոր էներգիա ներարկել իր երկրի զարգացմանը. Տոկաևը՝ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով:

Ղազախստանի նախագահը նշել է, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի նշանակալի ձեռքբերումների գնահատման առիթով։

«Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են՝ որպես Հայաստանի համազգային առաջնորդ, ով կարողացել է նոր էներգիա ներարկել իր երկրի զարգացմանը և հզոր խթան հաղորդել պետականաշինության բոլոր ոլորտներում բարեփոխումներին։ Դուք ունեք ամուր հեղինակություն՝ որպես Հայաստանի ազգային շահերն առաջ մղելու գործում ռազմավարական տեսլականով և անսասան կամքով օժտված ականավոր պետական գործիչ։
Ես այսօր արդեն նշեցի, որ դուք «Իրական Հայաստան» հայեցակարգի հեղինակն ու հիմնադիրն եք։ Ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր է այսօրվա պայմաններում», - ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետի հեռատես ղեկավարության ներքո Հայաստանը վստահորեն ընտրել է կայուն առաջընթացի ուղին, ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և օրինակ է ծառայել մտածված և պատասխանատու քաղաքականության՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

Վերլուծական