Հետևեք մեզ։

Մեր կատարած քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունը էապես մեծացել է. Սուրեն Պապիկյան

11:47, 24 նոյեմբեր 2025
Մեր կատարած քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունը էապես մեծացել է. Սուրեն Պապիկյան

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում քննարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը, որով առաջարկվում է զինծառայության ժամկետը վեց ամսով կրճատել։

«Առաջարկվում է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18-ամսյա ժամկետով. որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա»,- հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված  քաղաքացիները։

Նախարարի խոսքով՝ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։

«Ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման ու ընդլայնման ուղղությամբ կատարված ու շարունակական աշխատանքների շնորհիվ»,- նշեց նա։

Պապիկյանը վստահեցրեց, որ իրենց կատարած քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունը էապես մեծացել է։

«Սա շատ ուրախալի փաստ է»,- ասաց նա։

Վերլուծական