Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ զինծառայության ժամկետի կրճատումը ունի նաև երկրորդական դրական ազդեցություններ։ Նրա խոսքով՝ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը վեց ամսով կնպաստի նրան, որ երիտասարդները ավելի շուտ ամուսնանան, ընտանիք կազմեն, կրթություն շարունակեն և հարկ վճարեն։
Խաչատրյանը պատասխանել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի մտահոգությանը, որ հանրության համար հաճելի նախագիծ է քննարկվում, բայց, երբ որ մարդը սկսում է սառը դատողությամբ դիտարկել, սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով՝ իր կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենալու:
Պատգամավորի խոսքով՝ զինծառայության ժամկետը կրճատելու գործընթացը նախատեսված էր դեռ 2021 թվականի կառավարության ծրագրում։ Նա ընդգծեց, որ Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը չի եղել սովորական, և հնարավոր է դարձել միայն ԶՈւ-ում իրականացված բազմաթիվ բարեփոխումների շնորհիվ։