ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ, չնայած Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագրի շրջանակներում ձեռք բերված առաջընթացին, թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերն ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։
Հովհաննիսյանն իր խոսքում նաև շեշտել է ՀՀ հանձնառությունը մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի վերացման գործում՝ ներկայացնելով ոլորտում գրանցված առաջընթացը և իրականացված բարեփոխումները:
Մշտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի համագործակցությանը միջազգային մոնիթորինգային մարմինների հետ, մասնավորապես՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի և Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) շրջանակներում, որը պարբերաբար գնահատում է երկրի առաջընթացը: