Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ 28 կետից բաղկացած ամերիկյան առաջարկի կետերի թիվը նվազել է, և ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ծրագրում շատ տարրեր հաշվի են առնվել։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար դեռ աշխատանք կա անելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Այսօր (խմբ.՝ նոյեմբերի 24-ին) մեր պատվիրակությունը վերադարձավ Ժնևից՝ ամերիկյան կողմի և եվրոպացի գործընկերների հետ բանակցություններից հետո: Այժմ պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերի ցանկը կարող է դառնալ իրագործելի: Այս պահի դրությամբ, Ժնևից հետո, կետերն ավելի քիչ են, այլևս 28-ը չեն, և այս շրջանակում հաշվի են առնվել շատ ճիշտ տարրեր», - նշել է նա:
Զելենսկու խոսքով՝ դեռևս կա աշխատանք, որ «մենք բոլորս միասին պետք է անենք» փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար, ինչը «մարտահրավերներով լի է»։
«Մենք գնահատում ենք, որ աշխարհի մեծ մասը պատրաստ է օգնել մեզ, և որ ամերիկյան կողմը դրան մոտենում է կառուցողականորեն», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին հայտնել է, որ Ժնևից Ուկրաինա վերադարձած թիմն իրեն զեկուցել է քայլերի նոր նախագծի մասին։
«Ես զգայուն հարցերը կքննարկեմ նախագահ Թրամփի հետ: Ուկրաինան երբեք խոչընդոտ չի լինի խաղաղության համար. սա մեր սկզբունքն է, ընդհանուր սկզբունքը, և միլիոնավոր ուկրաինացիներ հույսը դնում են արժանապատիվ խաղաղության վրա և արժանի են դրան: Մենք ամեն ինչ կանենք դրա համար և պատրաստ ենք աշխատել որքան հնարավոր է արագ», - եզրափակել է նա:
Ուկրաինայի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ, ամերիկյան 28 կետից բաղկացած առաջարկը որոշ փոփոխությունների է ենթարկվել: