Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նոր բաժանորդների միացման վճարների հնարավոր վերանայման գործընթացին։
Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ արդեն կա նախնական պատկերացում՝ ինչ չափով կարող է վերանայվել էլեկտրաէներգիայի սակագինը, և որոշումներն, ամենայն հավանականությամբ, կընդունվեն 2026 թվականի սկզբին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պետրոսյանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սակագնի ձևավորումը պետք է լինի բացառապես հիմնավորված, զերծ քաղաքական շահարկումներից և քաղաքացիներին հաճոյանալու մոտեցումներից։
«Շատ կարևոր է, որ գինը հիմնավորվածից ո՛չ ավել լինի, ո՛չ պակաս։ Քաղաքական նպատակահարմարությամբ արհեստական իջեցումները շատ երկրների տարել են ճգնաժամի»,-նշել է վարչապետը։
Նա օրինակ է բերել իր այցելած երկրի փորձը, որտեղ տարիներ շարունակ արհեստականորեն ցածր պահված սակագների պատճառով քաղաքը մնացել է առանց կայուն էլեկտրամատակարարման՝ ստիպված լինելով օգտագործել դիզելային գեներատորներ։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիներին պետք է ներկայացնել հստակ մոտեցում։
«Գինը պետք է լինի այնքան, որքան անհրաժեշտ է համակարգի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու համար»,- ասել է Փաշինյանը։
Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ում արդեն իրականացված հաշվարկները ձևավորել են որոշակի պատկերացում՝ ինչ չափով հնարավոր կլինի վերանայել սակագինը։
«Այս պահին մենք արդեն մոտավոր պատկերացում ունենք, և լիահույս ենք, որ տարեսկզբից այդ որոշումները կընդունվեն»,-ասել է նա։