Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունն առաջին անգամ Երևանում կազմակերպեց աշակերտական համաժողով՝ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով: Համաժողովի շրջանակում տեղի ունեցան քննարկումներ մայրաքաղաքի և ՀՀ մարզերի տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտների մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց, որ աշակերտական համաժողովը հերթական նախաձեռնությունն է, որը կարող է լավ հարթակ դառնալ աշակերտների և ուսուցիչների համար՝ միմյանց լսելու, միմյանցից սովորելու, ուսուցչական աշխատանքն ավելի տեսանելի դարձնելու, մանկավարժության մեջ նորարարությունը խթանելու և կրթության արդի խնդիրների մասին խոսելու առումով։
«Հաճելի է, որ այս նախաձեռնությունը ևս իրականացվում է գործընկերային նույն շրջանակով։ Մենք իրականում նման քննարկման միջավայրերի և հարթակների կարիք ունենք՝ կրթության ամենակարևոր շահառու հանդիսացող աշակերտների համար։ Այս տարվանից մեկնարկած աշակերտների և ուսանողների ընդունելության ժամանակ բախվել եմ մի իրավիճակի, երբ լսեցի հարցեր ու դիտարկումներ, որոնք որևէ այլ խողովակով կամ այլ միջավայրում չեմ լսում։ Սա նշանակում է, որ երեխաներին նման գործընթացների մասնակից դարձնելն առանցքային նշանակություն ունի ոչ միայն իրենց, այլև մեր համար, առավել ևս, եթե ուզում ենք, որ կրթության ոլորտում բարեփոխումները լինեն նպատակային»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարը հավելեց, որ աշակերտական համաժողովը պետք է մեկնարկած լիներ դեռ վաղուց, և շատ կարևոր է, որ այն լինի շարունակական, որ աշակերտների ու նախարարության միջև հանդիպումներն ու քննարկումների քանակն ավելանա։
«Այս համաժողովը կազմակերպվել է այն օրերին, երբ ամբողջ աշխարհը նշում է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունումը։ Մենք նշանակալից գործընթացներում պետք է կարևորենք հատկապես երեխաների մասնակցության իրավունքը, ինչը նրանց ձայնը լսելի դարձնելու մասին է, որպեսզի երեխաներին վերաբերող որոշումները չկայացվեն առանց իրենց մասնակցության, առավել ևս, որ կրթության ոլորտի բոլոր որոշումներն առնչվում են նրանց հետ։ Դրա համար կարևոր է, որպեսզի նաև երեխաները ցուցաբերեն ակտիվություն։ Կան դպրոցներ, որտեղ աշակերտական խորհուրդները պարզապես թղթի վրա են, չեն գործում և որևէ կերպ չեն արտահայտում աշակերտների օրակարգերն ու խնդիրները»,- ասաց նախարարը։
Անդրեասյանի դիտարկմամբ՝ համաժողվում հավաքվել է աշակերտների ակտիվ զանգվածը, որը պատրաստ է աջակցել հասակակիցներին՝ բոլորի ձայնը լսելու դարձնելու համար։
«Աշակերտ լինելը նույնպես դառնում է աշխատանք և պատասխանատվություն՝ անհրաժեշտ քայլերը գիտակցելու և այդ ուղղությամբ որևէ բան ձեռնարկելու համար։ Նախարարությունը նախորդ տարվանից սկսեց իրականացնել մի նախաձեռնություն, որի համաձայն՝ յուրաքանչյուր ուսումնական տարին անցկացվում է մի խորագրի ներքո, որի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ, վերապատրաստումներ ու ծրագրեր են իրականացվում։ 2024 թվականը հայտարարվել էր մշակութային կրթության տարի, իսկ 2025 թվականը հայտարարվել է անվտանգ ու ապահով կրթության տարի։ Խնդիրներն այստեղ բազմազան են ու բազմաշերտ՝ սկսած դպրոցների ֆիզիկական անվտանգությունից, վերջացրած դպրոցաշինության ծրագրերով»,-ասաց Անդրեասյանը։
Նրա համոզմամբ՝ ֆիզիկական միջավայրի անվտանգությունն իրականում կրթության որակի վրա լուրջ ազդեցություն թողնող գործոններից մեկն է, ուստի նախարարության նպատակն ու հանձնառությունն է առաջիկա տարիներին փուլային տրամաբանությամբ բոլոր դպրոցներում գտնել խնդիրների լուծումը՝ կապված ֆիզիկական անվտանգության հետ։
«Մենք կարիք ունենք նաև սոցիալական, հոգեբանական այնպիսի միջավայրի, որտեղ ոչինչ երեխաներին չի խանգարի զարգանալ և ինքնադրսևորվել։ Շատ կարևոր է դպրոցներում ունենալ վստահության այն միջավայրը, որը թույլ կտա խնդիրների մասին բարձրաձայնել։ Այդ պատճառով էլ դպրոցներում ներդրեցինք հոգեբանի հաստիքը, թեև հոգեբանների արդյունավետ աշխատանքն ուսումնական հաստատություններում ապահովելն ավելի ժամանակատար գործընթաց է։ Ուսումը պետք է լինի նաև ներառական՝ հաշվի առնելով տարբեր երեխաների կարիքներն ու պահանջները։ Անելիքները շատ են, և այս համաժողովն էլ առիթ է անելիքների մասին լսել նաև աշակերտներից, նրանց հետ ավելի անմիջականորեն քննարկել խնդիրները, հաղթահարել դժվարություններն ու գնալ առաջ»,- եզրափակեց Անդրեասյանը։
ՀՀ-ում ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության պատասխանատու Ֆրենկ Հեսը նշեց, որ Եվրամիությունը երկար ժամանակ է, ինչ աջակցում է հայաստանյան դպրոցների բարեփոխումներին, և իրենք շատ գոհ են արդյունքներից։
«Այսօրվա համաժողովն ընդգծում է, թե որքան կարևոր է բոլոր դպրոցներում ներառական ու անվտանգ միջավայրի ապահովումը, որտեղ աշակերտները կարող են ազատորեն իրենց կարծիքը հայտնել և մասնակցել ուսումնառության միջավայրի ձևավորման գործընթացին։ Այս միջոցառումը վկայում է, թե որքան կարևոր է ականջալուր լինել աշակերտներին և նրանց անմիջականորեն ներգրավել դպրոցական միջավայրի բարօրությանն ու անվտանգությանը վերաբերող քննարկումներում։ Դպրոցների անվտանգությունը չի սահմանափակվում ֆիզիկական անվտանգության պաշտպանությամբ, ուստի հավասարապես կարևոր են հոգեբանական բարօրությունը, էլեկտրոնային կամ թվային դաշտի անվտանգությունը, բազմազանության հանդեպ հարգանքը»,- ասաց Հեսը։
Նա հավելեց, որ ՀՀ տարբեր մարզերից ժամանած երեխաների մասնակցությունը վկայում է այն մասին, թե որքան անհրաժեշտ է ստեղծել այնպիսի հարթակներ, որտեղ աշակերտները կարող են փոխանակել գաղափարներ, քննարկել իրենց հուզող հարցերը՝ կապված դպրոցներում ներառականության և անվտանգության բարելավման հետ։ Հեսի պնդմամբ՝ պետք է ամբողջական մոտեցումներ որդեգրել դպրոցների անվտանգության հարցում՝ համատեղելով հոգեբանական առողջության հարցերը, ներառական գործելակերպերը, ընտանիքների ներգրավվածությունն ու աշակերտների իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր հերթին նշեց, որ տվյալ կազմակերպությունը կրթության ոլորտում աշակերտների համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Եվրամիության հետ համատեղ իրականացնում է կարևոր ծրագրեր, որոնցից մեկի յուրատեսակ հանգրվան է հանդիսանում աշակերտական համաժողովը։ Նա ընդգծեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի այն կառույցն է, որն աշխատում է ամբողջ աշխարհում և Հայաստանում երեխաների համար ու երեխաների հետ։
«Մեր առաքելությունն է նպաստել «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի կիրառմանը։ Վերջերս տոնեցինք Երեխաների համաշխարհային օրը։ Համաժողովի մասնակիցներին բաժանված թղթապանակներում կա վերոհիշյալ կոնվենցիայի ամփոփ տարբերակը և այդ փաստաթղթում ամրագրված բոլոր իրավունքների մասին համառոտ տեղեկատվություն։ Համաժողովը կանդրադառնա այդ իրավունքներին, որոնցից մեկն էլ հենց մասնակցության իրավունքն է։ Շատ կարևոր են հատկապես կոնվենցիայի հետևյալ դրույթները՝ 28-րդ հոդվածով նախատեսված կրթության իրավունքը, 17-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվություն ստանալու իրավունքը, 19-րդ հոդվածով նախատեսված բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքը, 24-րդ հոդվածով նախատեսված առողջության և ապահով միջավայրում զարգանալու իրավունքը»,-ասաց Վայգանդը։
Նա տեղեկացրեց, որ երբ իրենք այցելում են Հայաստանի տարբեր մարզեր, տեղի բնակիչների, հատկապես երեխաների հետ շփումներում հաճախ ականջալուր են լինում նրանց հուզող խնդիրներին ու թեմաներին, որոնք վերաբերում են անվտանգ ու ապահով կրթական միջավայր ձևավորելուն։ Վայգանդը շեշտեց, որ իրենք շատ բարձր են գնահատում ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջնորդական դերակատարությունը՝ տվյալ համաժողովն այդ թեմաներին նվիրելու պատրաստակամության առումով։
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անցկացրեց պլենար նիստ՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայով:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև «Անվտանգ և ապահով դպրոց» խորագրով նախագծային աշխատանքների էքսպո ցուցահանդես, որն իրականացվեց մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ուսումնական հաստատությունների 4-8-րդ դասարանների աշակերտների կողմից: