Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական անգամ գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են «Opel»-ի և մարդատար գնացքի վարորդների ինքնությունները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշած վայրում վերջին 10 օրվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ բախում է տեղի ունենում գնացքի և ավտոմեքենայի միջև, նախորդ դեպքը, ցավոք, ողբերգական էր, իսկ տարածքում չկան ուղեփակոցներ, անհրաժեշտ կահավորանքը բացակայում է, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ասում է, որ դա իր գործը չի, Արարատի մարզպետարանի և Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի գործն է: Մինչդեռ հանրապետությունում կան բազմաթիվ նմանատիպ ճանապարհներ, որտեղ ընդհանրապես կահավորանքը կարելի է համարել 0, ինչն էլ պատճառ է դառնում նման դեպքերի:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ճիշտ կանի՝ հետևություններ անի ու համագործակցի մարզպետարանների ու վարչական շրջանների ղեկավարների հետ՝ հրատապ կարգով այդ հարցերը լուծելու համար: Ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները: