«Կխնդրենք, որ Վեհափառ Հայրապետը հնարավոինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ ու այնպիսի որոշում կայացնի, որը կբավարարի հավատացյալ ժողովրդին․ այս մասին Մայր աթոռում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Տեր Հայրն ասաց, թե եթե ինքը լիներ Վեհափառ Հայրապետը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանները դեռ երեկ կարգալույծ կհռչակվեին ու այս կիրակի վեց նոր եպիսկոպոսներ կօծեր։
«Բայց, փառք Տիրոջը, որ ես չեմ Վեհափառ Հայրապետը, Վեհափառ Հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց ու երկայնամիտ անձնավորություն է, կարծում եմ՝ իրենցից ոմանց նկատմամբ ներողամիտ կլինի, եթե զղջան»,- նշեց Տեր Վրթանեսը։
Տեր Հայրը վստահ է՝ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսներն ահաբեկված են, նրանց առջև ինչ-որ հարցեր են դրել, որոնցով իրենք եկեղեցում համատեղելի չեն։
Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։ Դրանից հետո էլ կայացավ Փաշինյանի և եպիսկոպոսների հանդիպումը։