ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Պապոյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Հանդիպմանը երկուստեք կարևորել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
«Քննարկեցինք Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIPP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։
Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ»,-գրել է Պապոյանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։