Հետևեք մեզ։

Նոր անտառների տնկումն ու շինհրապարակներում պաշտպանիչ ցանցերի կիրառումը կբարելավեն օդի որակը. Ավինյան

13:57, 01 դեկտեմբեր 2025
Նոր անտառների տնկումն ու շինհրապարակներում պաշտպանիչ ցանցերի կիրառումը կբարելավեն օդի որակը. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է օդի որակի բարելավմանն ուղղված երկարաժամկետ և կարճաժամկետ լուծումներ: Երևան քաղաքից դուրս պետք է տնկվեն հեկտարներով անտառներ, շինհրապարակներում՝ կիրառվեն  պաշտպանիչ ցանցեր և փոշու ճնշիչ սարքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ արդեն երկու տարի է քաղաքապետարանն իրականացնում է օդի որակի չափումներ: 2024 թվականից խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրվել են սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի GIS համակարգին:

«175 սարքից ստացվող տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից: Ցավալին այն է, որ երևույթը բարդ գործոններով է պայմանավորված, առաջին հերթին՝ մեր աշխարհագրական դիրքով և այս ժամանակահատվածում նաև որոշակի եղանակային պայմաններով, օդի ինվերսիայով, այդ օդը գալիս է մեր տարածաշրջան և տևական ժամանակ մնում է:

Իհարկե, լուծումներ կան, և դրանք բարդ են, շատ դեպքերում նույնիսկ Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն այդ լուծումները։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա խոսքը հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար։

Իսկ կարճաժամկետ լուծումների մասով հետևյալն է. վերցնենք 10-15 կրիտիկական օր, որոնց մասին նախօրոք տեղեկացված լինենք և այդ օրերին մենք էական, ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք իրականացնենք, դա կարող է ազդել 45-60 օրվա վրա: Խոսքն այն մասին չէ, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, բայց տասը օր ճիշտ, թիրախային, կետային  աշխատանքի դեպքում մենք կարող է հնարավորություն ունենանք մոտ 20 տոկոսի ազդեցություն ունենալ, ինչն էական է»,-նշեց  Ավինյանը:

Քաղաքապետն ասաց, որ  փոշու ճնշիչ սարքերի տեղադրման մասին կարգավորման վերաբերյալ որոշումը քաղաքապետարանը կընդունի դեկտեմբերին և պետք է բոլոր կառուցապատողներին ևս տեղեկացնել այդ մասին: Պաշտպանիչ ցանցերից բացի դրանք ևս կդառնան պարտադիր:

 

Վերլուծական