Հետևեք մեզ։

Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ

17:03, 01 դեկտեմբեր 2025
Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ–ից։

Դատարանը բավարարել է Հարությունյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ  սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։  Վիրավորում ստացած քաղաքացին, որն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։ Ընդ որում, Գրիգորյանի անշարժացած ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով նաև հարվածներ հասցրել Գրիգորյանին, ապա նորից հեռացել դեպքի վայրից։  

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։ 

Վերլուծական