Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում համատեղ ներդրել են «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը կանցնի հեռավար ձևաչափի։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում:
Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 - 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:
Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։
Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի»,– գրել է նախարարն՝ ընդգծելով, որ գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։