Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Կառավարության կողմից հրապարակված բանակցային փաթեթին։
«Հրապարակվեց բանակցային փաթեթը, հիմա էլ՝ նույն նարատիվները, որ վաղուց հնացած են։ Մի բանաձև եմ ասում՝ ինչ կասեն ընդդիմությունը բանակցային գործընթացի մասին, թե այսպես պիտի լիներ, այնպես պիտի լիներ, հարգելիներս, հարց տանք՝ 30 և ավել տարի իշխանության են եղել. բա որ այդպիսի շանսեր կային, բա ինչո՞ւ չեք լուծել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ եղել է լուծման, ինչպես ընդդիմությունն է ասում, հայամետ լուծման շանս, և իրենք չե՞ն արել.
«Բա ինչո՞ւ եք մեզ դավաճան ասում։ Ձեզանից մեծ դավաճան չկա. սա տարբերակ Ա, և Բ տարբերակ՝ այս ամենը աչքակապոցի է եղել»,-նշել է վարչապետը՝ անդրադառնալով 2019թ. փաստաթղթղին, նշել է, որ այն հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ. «Երբ 2018թ. վարչապետ եմ դարձել, խնդիր եմ դրել համանախագահների, բոլորի առաջ, ասել եմ՝ ես չեմ հասկանում, թե այդ թղթերից որն է բանակցային գործընթացի այս պահի մեկնարկային կետը, նախորդող շրջանի ամփոփումը, որն է սեղմագիրը։ 2019թ․ հունիսի թուղթը այդ է, երբ ասել եմ՝ որն է նախորդող շրջանի սեղմագիրը։ Համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, և այդ համատեքստում է, որ ես հարց եմ տալիս»,-շեշտել է նա։
Վարչապետը մանրամասներ է հայտնել նաև 2019թ. հունիսին ներկայացված առաջարկի շուրջ բանակցություններից. «Այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել՝ լավ, կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունն՝ այս փաթեթներով կարող է ԼՂ-ն չլինել Ադրբեջանի կազմում որևէ մեխանիզմով, և հնչել է շատ հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի»։
Նա նաև հավելել է, որ «Քի Ուեսթի» փաթեթը չի հրապարակվել, որովհետև ՀՀ կառավարության տիրապետության տակ այն չկա։