Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը: Այս մասին Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
«Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից: Դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար և Հայաստանի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե ինքը զարգացման ինչ տեսլական է որդեգրում: ՀՀ ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը։ Վայրկյան անգամ կասկած չունեմ, որ տեր է կանգնելու, որովհետև դա իր խաղաղությունն է, իր զավակների, ընտանիքի, թոռների, ծոռների խաղաղությունն է, և դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակների և իր բոլոր անցյալների»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը վերահաստատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված և այժմ խնդիր է դրված այն խնամելու, ուժեղացնելու և ինստիտուցիոնալ դարձնելու: