ՀՀ Կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա, ուղղակի չկա: Ես շատ մտածել եմ, թե ինչո՛ւ չկա, և իմ պատասխանը մեկն է, որ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել հոկտեմբերի 27 և դրան նախորդած և հաջորդած իրադարձություններ. ուրիշ որևէ բացատրություն չկա: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
«Ինչ վերաբերում է դրա բովանդակությանը. ինչո՞ւ եք Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած թղթերին տենց քամահրանքով վերաբերվում: Դուք չէի՞ք, որ 20 թվից հետո հավաքվել էիք և որոշում էիք փրկության միասնական պլան: Ձեր գործընկերոջ մասին է խոսքը, գնացեք իրենցից պարզաբանում ուզեք՝ էս ինչ թուղթ է, որտեղից այդ թուղթը: Դա ճշգրիտ այդ դավադրության տեքստն է՝ 100 տոկոսով, և եթե դրանում կասկած կա, վերջերս ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցով մանրամասն անձնական վկայություններով բերել ամբողջացրել է:
Էս 5 տարի է՝ Քի Վեսթ եք ասում. Քի Վեսթն այդքան ուժեղ, լավ ծրագի՞ր էր, իրականացնեիք. ավելին՝ դուք եք Քի Վեսթից հրաժարվել՝ գնալով 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներն առաջարկելով: Բա եթե այդքան լավ բան էր Քի Վեսթը, ինչո՞ւ եք հրաժարվել»,- ասաց Փաշինյանը:
Այս կառավարության մեծագույն պատասխանատվությունը տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, դիմելով ընդդիմությանը, նշեց. «Ես և մեր քաղաքական թիմը իր վրա վերցրել է այդ պատասխանատվությունը, և ժողովուրդը հավանություն է տվել դրան։ Հակառակ դեպքում էս 5 տարի է՝ իշխանափոխություն եք անում, բա կանեիք։ Հասել եք այնտեղ, որ նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել։ Եթե այն ժամանակ միլիոններ ծախսելով գոնե 12 հազար մարդ հավաքում էինք, հիմա ուզում եք միլիոններ ծախսեք, միլիարդներ ծախսեք, չեք կարողանալու հավաքել»։