ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի հաստատումը կարևոր փոփոխություն ու զարգացում է հարաբերություններում: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա վաշինգտոնյան համաձայնություններից հետո և TRIPP Route նախագծի հայտարարությունից հետո ներդրումային հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ էականորեն մեծացել է, և մենք, բնականաբար, շահագրգռված ենք, որ այդ թվում՝ ԵՄ-ն, ենթակառուցվածքներին ունենա շատ կոնկրետ մասնակցություն և ներկայություն: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի ստորագրման շրջանակում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասով ինչ ներդրումներ են նախատեսվում:
«ԵՄ-ի հետ մեր հետագա հարաբերությունները խորանալու են, զարգանալու են, և, իհարկե, Խաղաղության խաչմերուկում, այդ թվում՝ TRIPP Route նախագծի շրջանակներում մենք ակնկալում ենք ԵՄ-ի կոնկրետ ներդրումային ծրագրերն ու մասնակցությունը:
Իմիջիայլոց, մենք շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքը TRIPP Route նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ: Մենք փաստաթղթերի վրա աշխատում ենք, և ես կարող եմ ասել՝ իմ աչքաչափն ինձ ասում է, որ մենք լավ տեմպով առաջ ենք գնում: Մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք TRIPP Route նախագծի իրացումը, սկզբնական շրջանում՝ իրավական և հայեցակարգային փաստաթղթերի մշակում և ընդունում, հաջորդ փուլում՝ պայմանագիր, հաջորդ փուլում արդեն գործնական աշխատանքների իրականացում գետնի վրա»,- ասաց նա: