ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեկտեմբերի 4-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի խումբ ուսանողուհիների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով:
Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ նշված համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համալսարան են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 13:50-ի սահմաններում համալսարանում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 20-ամյա Ս. Ա.-ի, 20-ամյա Ն. Հ.-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Մ. Հ.-ի, Երևանի բնակիչներ 21-ամյա Ծ. Տ.-ի և 20-ամյա Լ. Տ-ի միջև, որի ժամանակ միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ էլ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:
Իսկ մասնակիցներից 2-ը հարազատ քույրեր են: