Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը։ Այս մասին Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում հայտարարել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։
«Մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Դեռևս արտահոսում են ազգիս զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման ու չընդհատվող մշակութային ցեղասպաննությունը կասեցնելու հարցերը»,- ասել է Վեհափառ Հայրապետը։
Վեհափառն ընդգծել է՝ եկեղեցին է, որ զորացնում է ամենքիս դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում։
«Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի՛ հավատավոր զավակներ՝ բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո ձեր գործերով»,- նշել է Վեհափառ Հայրապետը։
Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել է՝ լիահույս է՝ ժողովրդի միասնությամբ ու հավատքի շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները։