Մենք եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների հետ, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ, որով հայտարարվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը գնալու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով: Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում կգտնվեն։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված ընդարձակ հարցազրույցում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Նորագույն պատմության ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կապեր չեն եղել, եղել է պատերազմ, որը դադարեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անմիջական մասնակցությամբ։ Սակայն երկու երկրների սահմանին դեռևս զինված բախումներ են տեղի ունենում և մարդիկ են զոհվում։ Իհարկե, իմ գործընկերների համար շատ դժվար է աշխատել նման միջավայրում, բայց նրանք զգում են իրենց պատմական պատասխանատվությունը այն որոշման համար, որը մեր պետությունների ղեկավարները վստահել են մեզ:
Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին՝ ռազմական գործողությունների դադարից գրեթե անմիջապես հետո։ Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով առևտուր կլինի, մարդիկ կտեղաշարժվեն, հին դժգոհությունները կմղվեն հետին պլան:
Փոխվարչապետերի մեր եռակողմ աշխատանքային խումբը հարաբերությունների յուրահատուկ ձևաչափ է մշակել։ Մեզ շատ է օգնում այն հանգամանքը, որ մենք գալիս ենք նույն մեծ երկրից (ԽՍՀՄ-խմբ.), սովորել ենք նույն դասագրքերով, դիտլ ենք նույն ֆիլմերը, հասկանում ենք նույն հումորը, հետևաբար մենք ընդհանուր լեզու ենք գտնում։ Հենց այդ ոչ նյութական արժեքն է, որ հույս է ստեղծում ու օգնում առաջ գնալ։ Մտածելով մեր խմբի աշխատանքի մասին՝ հասկանում ես, թե որքան կարևոր է մեր ընդհանուր եվրասիական տանը խաղաղության համար չկորցնել այս ընդհանրությունը հետխորհրդային տարածքում և այն փոխանցել հաջորդ սերունդներին։
Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, այդ ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխազդելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եվ իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին։
Ուստի կողմերը դադարներ են անում, ներգրավում են փորձագետներ, ցանկացած առաջարկ և որոշում ենթարկում են շատ մանրակրկիտ և ստուգված վերլուծության, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես պետք է լինի այն երկրների միջև, որոնք թեւակոխում են հարաբերությունների խաղաղ փուլ։ Փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցը՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։ Իհարկե, այսօր շատ բան կարելի է անել՝ հենվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և այդպիսի լուծումներ կան, բայց դրանք, թերևս, ակնհայտ և հաջողությամբ կիրառվել են աշխարհի այլ ծայրերում, երբ սկսում ես դրանք վերլուծել, այնքան էլ չեն համապատասխանում մեր իրավիճակին։
Դուք հարցրեցիք, թե երբ է լինելու ապաշրջափակումը, այս հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տա։ Հետո, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից։
Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն ունի երկրի ապաշրջափակման առումով։ Հայաստանի տնտեսությունը շատ ակտիվ աճ է գրանցում՝ նախորդ տարի այն կազմել է 12,6%։ Սա աշխարհի ամենաբարձր տնտեսական աճի տեմպերից մեկն է, և բոլորը հասկանում են, որ այս տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների բիզնես որակներն են՝ բազմապատկված Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների խոշոր տնտեսություն անարգել մուտքով։ Տնտեսության նման ընդլայնումը պահանջում է համապատասխան զարգացած տրանսպորտային հաղորդակցություն՝ ապահովելու Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը նայում է Ռուսաստանին որպես իր հիմնական շուկայի։
Անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրն աճել է ավելի քան 83%-ով։ Այս տարի հունվար-ապրիլին աճը 96 տոկոս է։ Հայաստանը շատ արագ զարգացող տնտեսություն է, որին զսպում է Վերին Լարսի խցանը՝ միակ սահմանային անցակետը, որը կապում է այն Ռուսաստանի հետ։ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հնարավորինս արագ ապաշրջափակել երկիրը: Սիմետրիկ մտահոգություն ունի նաև Ադրբեջանի ղեկավարությունը, որը նույնպես ձգտում է հնարավորինս արագ ուղիղ և հարմարավետ տրանսպորտային կապեր ստանալ իր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Բացի այդ, ակնհայտ է, որ երկաթուղին ավելի հեռուն կգնա դեպի Իրան և Թուրքիա, ինչը այն կդարձնի Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային ուղիներից մեկը։ Բայց, իհարկե, հանուն փաստաթղթի ստորագրման արագության, ոչ ոք երկրորդ տեղում չի դնի մարդկանց ու ապրանքների անվտանգությունը, որոնք կշարժվեն այս ճանապարհով։ Սա շատ կարևոր կետ է, որը դեռ չի պատասխանում այն հարցին, թե երբ տեղի կունենա ապաշրջափակումը»,- ասել է Օվերչուկը: