Հետևեք մեզ։

Սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն չկա, կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից. ԱԳ փոխնախարարը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

12:15, 19 հունիս 2023
Սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն չկա, կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից. ԱԳ փոխնախարարը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչու է Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվում, պատասխանեց. «Ընթացակարգերը պահպանվելու են ամբողջությամբ»:


Դիտարկմանը, որ այնտեղ ռուսներ չեն ապրում, իսկ հյուպատոսությունը քաղաքացիների շահերը սպասարկող գործառույթ ունի, Կոստանյանը նշեց. «Գլխավոր հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իրենց բնակիչներին սպասարկելուց»:


Հարցին՝ Ռուսաստանի կողմից Կապանում հյուպատոսություն բացելու մեջ անվտանգային կոմպոնենտ տեսնո՞ւմ է, Կոստանյանը պատասխանեց. «Թե ինչ նպատակով է ՌԴ-ն հենց Կապանում որոշել, ավելի ճիշտ կլինի ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը դիմել»:


Անդրադառնալով Կապանում Իրանի հյուպատոսության գործունեությանը և մասնավորապես հարցին՝ Իրանի հյուպատոսությունը անվտանգային խնդիր լուծու՞մ է, պատասխանեց. «Մենք ողջունել ենք ԻԻՀ ցանկությունը և հետագայում տեղում հյուպատոսության բացումը և մեծ կարևորություն ենք տալիս»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին և մասնավորապես հարցին՝ ի՞նչ փուլում են գտնվում, Կոստանյանը նշեց, որ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն չկա:


«Սկզբունքային հարցերի շուրջ, որոնց մասին բարձրաձայնվել է՝ սահմանազատման քարտեզի ֆիքսման, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների հետ կապված, ցավոք սրտի, չկա համաձայնություն և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից»,- ասաց նա և հավելեց, որ աշխատանքները շարունակվում են: