Փաստաբաններին ծեծում են ոստիկանական բաժանմունքներում, իսկ պատասխանատու իրավապահ մարմինները լուռ են։ Այս առնչությամբ փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչներ այսօր ակցիա էին իրականացում գլխավոր դատախազության դիմաց, որովհետև նրանց նկատմամբ բռնություններին գլխավոր դատախազը չի արձագանել, մեկ դեպքի վերաբերյալ էլ ասել է՝ տեղյակ չէ։
Փաստաբաններից հայտնեցին, որ դիմել են դատախազություն, բայց պատասխան չկա, իրազեկման ակցիա են արել նաև ԵՄ գրասենյակ, իսկ այսօր ակցիա են իրականացնում Դատախազության մոտ դատախազին յուրահատուկ նվեր մատուցելու համար։
«Փաստաբանների անունից հեռուստացույց ենք նվիրելու Աննա Վարդապետյանին, ինչո՞ւ, որովհետև դուք կհիշեք, որ մի քանի ամիս առաջ բռնության մեկ այլ դեպք էր տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքում՝ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ։ Նշված դեպքի կապակցությամբ, երբ ԱԺ-ում հարց ուղղվեց Վարդապետյանին, նա ասաց, որ ինքը այդպիսի դեպք չի հիշում, տեղյակ չէ։ Հիմա հեռուստացույց ենք բերել, որ հետևի Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, և այս հեռուստացույցը, բացի Հանրայինից, այլ հեռտուստաալիքներ էլ է ցույց տալիս»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։
Հարցին, թե Հարությունյանն իսկապես կարծու՞մ է, որ Աննա Վարդապետյանը չի հետևում իրադարձություններին և պետք է հեռուստացույց նվիրել, Հարությունյանն ասաց, որ ինքը խոսումէ փաստերով, Վարդապետյանն էլ ասել է, որ տեղյակ չէ։