Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) և միջազգային գործընկերների՝ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի («European Federation of Journalists» (EFJ)), Լրագրողների միջազգային ֆեդերացիայի («International Federation of Journalists» (IFJ)) և «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամի (Justice for journalists fund (JFJ)) հնչեցրած ահազանգերին, և հանդես եկել խիստ կոչով:
Նշենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) միջազգային հեղինակավոր իր գործընկերներին՝ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիային («European Federation of Journalists» (EFJ)), Լրագրողների միջազգային ֆեդերացիային («International Federation of Journalists» (IFJ)) և «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամին (Justice for journalists fund (JFJ)) իրազեկել էր ՀՀ իշխանությունների կողմից Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ հակաիրավական գործողությունների, քաղաքական հետապնդումների, խմբագրությունը և նրանց բնակարանները խուզարկելու, տեխնիկան առգրավելու և կալանավորելու մասին: Միությունը իր գործընկերներին նաև համապատասխան նյութեր էր տրամադրել՝ ակնկալելով համարժեք արձագանք:
Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» ՀՀ իշխանություններին ուղղված շատ խիստ՝ Առաջին մակարդակի (1 Level) ահազանգ-կոչով է հանդես եկել, որում, մասնավորապես, ասվում է.
«Փոդքասթի հաղորդավարները ձերբակալվել են խուլիգանության մեղադրանքով, լրագրողներն անմիջապես կալանավորվել են, Antifake.am-ի սարքավորումներն առգրավվել են
2025թ. նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալեցին Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ինչպես նաև Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին, ով ավելի ուշ ազատ արձակվեց։ Ձերբակալություններն իրականացրել են դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները, ովքեր նաև խուզարկություններ են անցկացրել վերջիններիս բնակության վայրերում։ Միևնույն ժամանակ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Antifake.am-ի շենքը՝ առգրավելով տեխնիկական և լրագրողական սարքավորումներ՝ տեսախցիկներ, բարձրախոսներ, համակարգիչներ, շտատիվներ և տվյալների կրիչներ։
Քրեական գործը վերաբերում է փոդքասթի նոյեմբերի 8-ի թողարկման ընթացքում արված արտահայտություններին։ Իշխանությունները դրանք որակել են որպես «խմբակային խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ»։ Հաղորդավարների և նրանց իրավապաշտպանների խոսքով՝ այդ արտահայտությունները եղել են քաղաքական մեկնաբանություններ՝ ի պատասխան Ազգային ժողովի նախագահի նախկինում հնչեցրած հրապարակային վիրավորանքներին։ Իսկ Ազգային ժողովի խոսնակը հայտարարել է, որ թողարկումը նաև պարունակել է «սպառնալիքներ»։
Նոյեմբերի 14-ին դատարանը Սաղաթելյանի և Սամսոնյանի նկատմամբ կիրառեց երկամսյա նախնական կալանք։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) գնահատմամբ՝ խուլիգանության դրույթի կիրառումը շրջանցում է Հայաստանում վիրավորանքի ապաքրեականացումը և չի համապատասխանում խուլիգանության իրավական տարրերին, ներառյալ՝ «հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի» պահանջին։ ՔԻՀԿ-ը նաև նշում է, որ լրագրողական սարքավորումների առգրավումը կապ չունի մեղադրանքների հետ և խոչընդոտում է Antifake.am-ի գործունեությանը։ Կազմակերպությունը դատավարությունը համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին հակասող։
Գործընկեր կազմակերպությունները՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» (Safety of Journalists Platform), Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան («European Federation of Journalists» (EFJ)), Լրագրողների միջազգային ֆեդերացիան («International Federation of Journalists» (IFJ)) և «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամը (Justice for journalists fund (JFJ)) կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝
Պարզաբանել խուլիգանության մեղադրանքների կիրառման իրավական հիմքերը, ինչպես նաև գործի շրջանակում առաջադրված ենթադրյալ «սպառնալիքների» իրավական հիմքերը։
Վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի օրինականությունն ու անհրաժեշտությունը՝ նրանց ազատ արձակումն ապահովելու նպատակով՝ ՄԻԵԿ-ի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) պահանջներին համապատասխան։
Հիմնավորել Antifake.am-ի լրագրողական սարքավորումների առգրավումը և վերադարձնել այդ սարքավորումները։
Տեղեկություններ տրամադրել քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, Առաջին կարգի՝ 1 Level ահազանգը հնչեցվում է արտակարգ և ծանր իրավիճակներում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների, դրանց հետևանքների վտանգը խիստ բարձր է:
Այս ահազանգը վերաբերում է լրատվամիջոցների ազատության ամենալուրջ և վտանգավոր խախտումների արձանագրումներին, ինչպես նաև լրագրողների կամ լրատվամիջոցների այլ աշխատակիցների կամ նրանց ընտանիքի անդամների սպանությանը, մահափորձին կամ կյանքին ուղղակի սպառնալիքին՝ իրենց լրագրողական աշխատանքով պայմանավորված, լրագրողներին կամ լրատվամիջոցների այլ աշխատակիցներին ծանր վնասվածքներ պատճառող ֆիզիկական հարձակումներին կամ ցանկացած այլ գործողության, բռնության կիրառմանը՝ նրանց ֆիզիկական անվտանգությանը սպառնալու նպատակով, նման խախտումների անպատժելիությանը, իրենց մասնագիտական գործունեության կամ լրագրողի կարգավիճակով պայմանավորված՝ լրագրողների երկարատև կամայական կալանքին կամ բանտարկությանը, լրատվամիջոցների կամայական փակմանը և ցանկացած այլ գործողության, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում կամ լուրջ ազդեցություն ունի առցանց կամ այլ լրատվամիջոցների ազատության վրա: