Հետևեք մեզ։

ԱՄՆ քաղաքացին Հայաստանում ՌԴ քաղաքացի կնոջ է սպանել, դին թաքցրել է անտառում, ինքն էլ մեկնել է Թուրքիա․ ՔԿ-ն դեպքի մասին մանրամասներ է հայտնում

17:41, 19 հունիս 2023
ԱՄՆ քաղաքացին Հայաստանում ՌԴ քաղաքացի կնոջ է սպանել, դին թաքցրել է անտառում, ինքն էլ մեկնել է Թուրքիա․ ՔԿ-ն դեպքի մասին մանրամասներ է հայտնում
2023թ․ հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, ՌԴ քաղաքացի կինը ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դուստրը՝ 1999թ․ ծնված ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևան, հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է ՀՀ, հանդիպել իր ծանոթ տղամարդուն և մինչ օրս դստեր մասին տեղեկություն չունի:
 
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում։
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում 2023թ․ հունիսի 15-ին՝ ժամը 13:55-ի սահմաններում, Դիլիջան-Երևան ավտոմայրուղու 2-րդ ոլորանի անտառային հատվածում հայտնաբերվել է Ե.Սերգեևայի դին՝ մերկ և մասամբ հոշոտված վիճակում:
 
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ: Կատարվել է դիակի ճանաչում՝ մոր մասնակցությամբ: Որոշում է կայացվել՝ վերջինիս մահացած տուժողի փոխարեն տուժող ճանաչելու մասին:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ե․Սերգեևայի մահը վրա է հասել գանգուղեղային տրավմայի հետևանքով:
 
Սևան-Դիլիջան-Վանաձոր ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերվել են Ե․Սերգեևայի և տղամարդու պատկանող հագուստներ՝ արնանման հետքերով։
 
Հարցաքննվել են մի շարք անձինք։ Առգրավվել և զննվել են «Զվարթնոց» օդանավակայանում և այլ վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրություններ։
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ե․Սերգեևան Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 2023թ․ հունիսի 4-ին։
 
Վերջինս թե՛ ՌԴ և թե՛ ՀՀ տարածքում որևէ մեկի հետ չի ունեցել թշնամական փոխհարաբերություններ, սակայն կապերը խզելուց հետո լարված փոխհարաբերությունների մեջ է եղել ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ի հետ։
 
Պարզվել է նաև, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Ե.Սերգեևան օդանավակայանի տարածքից հեռացել է «Տոյոտա» մակնիշի՝ Վրաստանի պետհամարանիշի ավտոմեքենայով, որի վարորդը հանդիսացել 1989թ․ ծնված ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ.-ն:
 
Իրականացված հսկայածավալ քննչական, վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ե․Սերգեևայի սպանությունն առերևույթ կատարել է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող սույն անձնավորությունը, իսկ պատճառը հանդիսացել են խանդը և անձնական լարված փոխհարաբերությունները։
 
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ն 2019թ․ ՌԴ Մոսկվա քաղաքում ծանոթացել է Ե․Սերգեևայի հետ, ում հետ շփվել է մինչև 2020թ․ մայիս ամիսը, որից հետո նրանք բաժանվել են։ Բաժանման պատճառ է հանդիսացել Ռ.Տ․-ի կողմից հաճախակի խանդի տեսարանների ստեղծումը, պարբերաբար Ե․Սերգեևայի տեղաշարժը վերահսկելու փորձերը: Ռ․Տ․-ն, չկարողանալով համակերպվել Ե․Սերգեևայից բաժանվելու հանգամանքի հետ, պարբերաբար իրենց հարաբերությունները վերականգնելու փորձեր է կատարել, սակայն նրանից մերժում է ստացել։ Տարբեր եղանակներով նա անհանգստություն է պատճառել աղջկան, սպառնալիքներ հնչեցրել վերջինիս հասցեին, նրա վերաբերյալ տարածել արատավորող տվյալներ։ Իսկ երբ իմացել է, որ Ե․Սերգեևան սկսել է ընկերություն անել այլ տղամարդու հետ, սկսել է նաև նրան վնասելու սպառնալիքներ հնչեցնել:
 
Իրենց միջև հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու և դադարեցնելու նպատակով Ե․Սերգեևան համաձայնել է վերջին անգամ հանդիպել Ռ․Տ.-ի հետ: Պայմանավորվել են 2023թ․ հունիսի 4-ին հանդիպել ՀՀ Երևան քաղաքում, ինչի համար Ե․Սերգեևան 2023թ․ մայիսի 16-ին հանդիպման օրվա ամսաթվով և նույն օրվա հետադարձ ուղղությունով Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմս է գնել և նշված օրը, ժամը 12:55-ին, SU 1860 չվերթով Մոսկվայից ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Ռ․Տ․-ն, չհամակերպվելով նրա՝ այլ ընկեր ունենալու փաստի հետ, վերջին անգամ Ե․Սերգեևայի հետ հանդիպելու պատրվակով և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում վարձակալել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ամենագնաց ավտոմեքենա, որով 2023թ․ մայիսի 31-ին՝ ժամը 14:52-ին, Գոգավանի անցակետով Վրաստանից մուտք է գործել Հայաստան։
 
Մինչև Ե․Սերգեևայի՝ ՀՀ ժամանելը, իր հանցավոր մտադրությունը նախապես քողարկելու նպատակով, օրական վարձավճարներով գիշերել է տարբեր հյուրանոցներում: Հունիսի 4-ին համացանցի միջոցով 1 օրով հյուրատուն է վարձակալել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում, որից հետո նույն օրն իր վարձակալած ամենագնացով, միայնակ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ժամը 13:01-ին դիմավորել է Ե․Սերգեևային, և միասին հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաք:
 
Միասին ճաշել են Ամիրյան փողոցում գտնվող «Կացին» ռեստորանում, որից հետո նույն ավտոմեքենայով միասին ուղևորվել են դեպի իր կողմից վարձակալած հյուրատան ուղղությամբ: Նույն օրը՝ ժամը 15:34-ից մինչև 17:31-ն ընկած ժամանակահատվածում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, քննությամբ դեռևս չպարզված վայրում, հարվածներ է հասցրել Ե.Սերգեևայի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ստացած գանգուղեղային տրավմայից Ե․Սերգեևան մահացել է: Ապա վարձակալած ավտոմեքենայով նա ուղևորվել է Բագրատաշենի անցակետի ուղղությամբ՝ Հրազդան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն երթուղով:
 
Իր կողմից թողնված հետքերը վերացնելու նպատակով Ե․Սերգեևայի դին՝ առանց հագուստների, թաքցրել է Դիլիջան քաղաքից դեպի Սևան ուղղության ավտոճանապարհի 3-րդ շրջադարձից աջ ընկած անտառամիջյան տեղամասում, իսկ նրա և իր հագի հագուստներն ու անձնական իրերը նետել է իր երթուղու տարբեր հատվածներում։ Ապա նույն օրը՝ ժամը 23:41-ին, Ռ․Տ․-ն ավտոմեքենայով Բագրատաշենի անցակետով լքել է ՀՀ տարածքը՝ անցնելով Վրաստան։ Վրաստանի իրավապահ մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ վերջինս 05.06.2023 թվականին ավտոմեքենան հանձնել է վարձակալած ընկերությանը և օդանավով մեկնել Թուրքիա:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Ռ․Տ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
 
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է: Ռ․Տ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: