Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարման շուրջ քննարկումներին։
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 8-ին հայտնել էին, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագնային քաղաքականության պատճառով խոչընդոտվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը։ Դրանից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցումը դեպի Հայաստան իրականացնել անվճար։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն էլ հայտարարել էր, որ վերոնշյալ հարցով քննարկում է եղել վրացական կողմի հետ՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ բանակցությունների առարկա է Ադրբեջանի կողմից Վրաստանի տարածքով տարանցման կազմակերպման ձևաչափի հարցը։
«Մենք ամբողջությամբ հաշվի ենք առնում Հայաստանի և Ադրբեջանի ընդունելի շահերը։ Մենք էլ մեր առաջնահերթություններն ունենք, և ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով մենք կգտնենք լավագույն ճանապարհը, որը կբավարարի երեք երկրների հետաքրքրությունները»,- ասել է Կոբախիձեն։