2020 թվականի հոկտեմբերի 8-ին Պուտինը հայտարարեց, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ից հրադադար հայտարարել և ԱԳ նախարարները հրավիրվում են Մոսկվա՝ խորհրդակցություններ սկսելու: Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ իրենց խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հրապարակվեց հայտարարություն այն մասին, որ ՌԴ նախագահը դիմում է ԼՂ հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները հումանիտար նկատառումները դադարեցնելու կոչով, ՌԴ ԱԳՆ միջնորդությամբ խորհրդակցություններ անցակցնելու նպատակով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հրավիրվում էին Մոսկվա: Փաշինյանը նշեց, որ վերոնշյալ հանդիպումն ավարտվեց հոկտեմբերի լույս 10-ի գիշերը, որով հոկտեմբերի 10-ի 12:00-ից հայտարարվում էր մարդասիրական նպատակներով կրակը դադարեցնելու մասին:
«Աննշան դադարներից հետո Ադրբեջանն ավելի էր ակտիվացնում իր գրոհային գործողությունները՝ հարձակվելով արդեն նախկին ԼՂԻՄ հատվածի վրա: Զորքերին հրահանգված էր ամեն ինչ ձեռնարկել Ադրբեջանի գրոհը կասեցնելու համար: Զուգահեռ դիվանագիտական ջանքեր էին գործադրվում»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց՝ հոկտեմբերի 13-ին Պուտինին հարց է ուղղել, թե ինչ պետք է անի ինքը, որպեսզի դադարի պատերազմը:
«Հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ հարցին՝ ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, պատերազմը կանգնեցվի։ Նույն հարցադրման շուրջ Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, նա կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել` իհարկե առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման։
Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնվեցինք, որ հանձնարարենք թիմերին՝ աշխատել այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»,- ասաց նա: