Շուշիի անկումը ծանր լուր էր ինձ համար, ասել էի՝ պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբերի 19-ին Պուտինն ինձ ասաց, որ Ադրբեջան ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի, ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր: Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ասաց՝ պարզվեց, որ ինքը պետք է հայտարարի, թե համաձայն է, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի ու Ղարաբաղի մյուս բնակավայրեր։
«Այդ օրը հնչեց մի նոր գաղափար. խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում, այլև՝ Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ, ես չհամաձայնեցի՝ ասելով՝ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, թե հոկտեմբերի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է հրադադար հաստատվեր, որը Ադրբեջանը չպահեց:
«Առաջնագծի 90 տոկոսում մեր զորքերը հաջողությմաբ դիմակայում էին գրոհները, լրջագույն խնդիր ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին ու հասել Ջաբրայիլի մատույցներ։ Բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրված փորձերը ցույց էին տալիս՝ մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնլ ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերը անարդյունք են լինելու, կամ էլ պիտի գնանք ցավոտ զիջումների։ Դա էր պատճառը, որ հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իմ էջում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին»,- ասաց նա և հավելեց, որ իր համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում:
«Լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական մեքենայի վրա, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Շուշիից սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո 2-րդ ու այդպես շարունակ։ Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։
Սա ծանր լուր էր ինձ համար։ Ասել էի՝ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Ասացի՝ պահեք Շուշին, ետ վերցրեք։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ որ մենք Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը՝ ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ հարձակումը կառավարության շենքի վրա ու, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք։ Շուշիի անկման դրվագի հետ կապված քրեական գործեր են հարուցված ու հանգամանքները պետք է արժանանան մանրամասն պարզաբանման»,- ասաց Փաշինյանը։