Հետևեք մեզ։

Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

10:23, 22 դեկտեմբեր 2025
Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի գրասենյակին։

Նշվում է, որ պատճառն Ալիևի աշխատանքային խիտ գրաֆիկն է։

«Որպես անդամ պետություն՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարբերաբար մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-նշել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփումներ կունենա անդամ բոլոր երկրների ղեկավարների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային երկօրյա այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները