Հետևեք մեզ։

Փաստաբանները պահանջագիր հանձնեցին ՆԳՆ նախարարությանը․ նրանցից ոմանք ակցիային մասնակցում են զրահաբաճկոնով ու սաղավարտով

12:18, 20 հունիս 2023
Փաստաբանները պահանջագիր հանձնեցին ՆԳՆ նախարարությանը․ նրանցից ոմանք ակցիային մասնակցում են զրահաբաճկոնով ու սաղավարտով

Փաստաբաններն այսօր  բողոքի ակցիա են իրականացնում Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց, նրանցից ոմանք ակցիային մասնակցում են զրահաբաճկոնով ու սաղավարտով, որոնք   ոստիկաններից հարվածներից պաշտպանվելու համար են։

Նշենք, որ փաստաբանները ոստիկանության բաժանմունքներում ծեծի են ենթարկվում և դրանց համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։ Նրանք ակցիաներ են իրականացրել ԵՄ գրասենյակի, ինչպես նաև Դատախազության մոտ։

Փաստաբանները պահանջագիր հանձնեցին, նրանք պնդում են, որ ծեծի ենթարկած ոստիկանների լիազորությունները պետք է անհապաղ դադարեցնել:

ՓՊ նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցած երկու օրերին պահանջին միացել է 878 փաստաբան։

«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը, ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,

  1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի եւ այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաեւ փաստաբանին ձերբակալելու եւ խուզարկության ենթարկելու դեպքերը.
  2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի եւ Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
  3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,-պահանջագիրն ընթերցեց Զոհրաբյանը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։

Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: