ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ երկրները դիրքորոշում են հայտնել, թե Լեռնային Ղարաբաղը կարող է բարձր ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում։ Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովում ելույթ ունենալիս նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց նաև, թե ԼՂ բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ: Սրա մասին են վկայել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը:
«Որ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալու պահին ԼՂ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման ընդհանուր պետության փաթեթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 1998թ. նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն ՀՀ-ին ու Ադրբեջանին, այլև՝ ԼՂ-ին։ Այդ ժամանակ Քոչարյանը Հայաստանի նախագահն էր արդեն 5 ամիս, բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց ԼՂ-ին, դրանից հետո այլևս ԼՂ-ին փաթեթ չի ներկայացվել»,- ասաց նա և հավելեց, որ ԼՂ-ն նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները:
«Ահա, թե որն Քոչարյանի մոտիվացիան` ԼՂ-ն դուրս թողնել բանակցություններից։ Իմ կարծիքով`Քոչարյանը 1998թ. ընտրությունները հաղթեց կեղծիքների մասին համատարած ահազանգերի պայմաններում, նա ՀՀ նախագահ ընտրվելու իրավունք չուներ, քանի որ վերջին 10 տարում չէր համարվել ՀՀ քաղաքացի։
Ասել է, թե Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրեց լեգիտիմության լիակատար բացակայությամբ»,- ասաց Փաշինյանը։