Բաքվի դատարանում դեկտեմբերի 22-ին իրենց եզրափակիչ խոսքն են ներկայացրել Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Մասնավորապես, ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, գեներալը, ում դատարանը թույլ է տվել իր ասելիքը ներկայացնել ռուսերենով, հայտարարել է.
«Ղարաբաղը Հայաստանին է դիմել իրենց անվտանգության երաշխավորը լինելու խնդրանքով, և այդ ժամանակահատվածից սկսված շփման գծում բոլոր օպերացիաներն իրականացվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ մշակած պլաններին համապատասխան»:
Այնուհետև Լևոն Մնացականյանը նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում և 2023 թվականին Արցախում ռազմական որևէ օպերացիայի պլանավորմանը չի մասնակցել: Այս համատեքստում գեներալն առանձին անդրադարձել է Սղնախի օպերացիային իր մասնակցություն ունենալ-չունենալուն:
Դեռ ամիսներ առաջ 168.am-ը գրել է, որ ՊԲ նախկին հրամանատարի հարցաքննության ժամանակ «դատական» նիստերից մեկի ժամանակ ադրբեջանական կողմը ներկայացրել է հայտնի տեսանյութը, որտեղ պատերազմի օրերին՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ, Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը քննարկում է Ավետարանոց-Սղնախ հատվածում նախատեսված օպերացիան և տալիս համապատասխան հանձնարարականներ, որ հակառակորդը չկարողանա Շուշի մտնել: Այս քննարկմանը ներկա է եղել նաև Լևոն Մնացականյանը և ոչ միայն:
«Այո, ես իսկապես գտնվել եմ այդտեղ: Բայց ես գնացել եմ շատ ուշ, երբ արդեն խորհրդակցությունը սկսվել էր, որի հետ ես որևէ առնչություն չեմ ունեցել: Ինձ այնտեղ չէին էլ հրավիրել»,- դեկտեմբերի 22-ին կայացած «դատական» նիստի ժամանակ ասել է գեներալը՝ հավելելով, որ այդ դպրոցի սենյակներից մեկում, որտեղ տեղի է ունեցել օպերացիային առնչվող խորհրդակցությունը, ինքը նախքան այդ՝ քաղպաշտպանության շտաբների ղեկավարների հետ քննարկել է շրջակա գյուղերից բնակչության տարհանման հարցը:
«Իմ բացակայության ժամանակ խորհրդակցությունն անցկացնողները եկել են այնտեղ և խնդրել երկու ժամով իրենց տրամադրել սենյակը, ինչն արվել է: Եվ երբ ես մտել եմ այնտեղ, արդեն խորհրդակցություն էր գնում: Ես մտել եմ սենյակ և նստել Արթուր Աղաբեկյանի կողքին, դա զուգադիպություն էր»,- հավելել է Լևոն Մնացականյանը և նշել, որ քանի որ ակամա մասնակից է դարձել օպերացիայի քննարկմանը, իր համար պարզ է դարձել, թե ինչ է նախատեսվում, և, որ Սղնախ-Ավետարանոց օպերացիայի պատասխանատու անձը, որի համաձայն՝ պետք է փակվեր հակառակորդի մուտքը Շուշի, եղել է Սամվել Բաբայանը:
Իսկ հիշատակված դատական նիստին իր եզրափակիչ ելույթի ժամանակ Լևոն Մնացականյանը չի անտեսել ադրբեջանական մեղադրանքները, թե հայկական կողմից վարձկաններ են կռվել 44-օրյա պատերազմում:
«Որքան ես տեղյակ եմ՝ նրանք չեն եղել վարձկաններ: Բոլորը եղել են կամավորականներ, ոչ մեկը նրանց հատուկ չի ուղարկել ծառայության և դրա դիմաց գումար վճարել»,- Բաքվի դատարանում հայտարարել է գեներալը:
Մինչդեռ հստակ փաստեր կան, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հովանավորությամբ Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են ուղարկվել Ադրբեջանի օգտին կռվելու: Սրա մասին խոսել է և՛ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ՝ «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո», և՛ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը՝ նշելով, որ «ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ»: