Հետևեք մեզ։

Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը՝ իրենց կյանքով․ Նիկոլ Փաշինյան. «Արմենպրես»

14:24, 20 հունիս 2023
Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը՝ իրենց կյանքով․ Նիկոլ Փաշինյան. «Արմենպրես»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովի պահին շրջանառվել է տարածքների փոխանակման փաստաթուղթ (խմբ․ Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու փաստաթուղթ), որը և՛ տարածքային ամբողջականության, և ինքնորոշման իրավունքից անդին է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ փոխանակման փաստաթուղթը մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն է։ Վարչապետը  մեջբերեց փաստաթղթի 1-5-րդ հոդվածները, որում նշվում է Մեղրին  Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու մասին։ 

«Այս փաստաթուղթը իրականում արձանագրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը։ Ճիշտ է՝ այն չի ընդունվել։ Ընդ որում, կա կարծիք,  և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը՝ իրենց կյանքով»,- նշեց Փաշինյանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1999 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին։

Վարչապետը նշեց՝  թեև փաստաթուղթը իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերը ձևավորվում են կողմերի հետ քննարկումների, զրույցների և բանավեճերի արդյունքում, և նրանց ձևավորած բովանդակությունը այլևս ոչ մի տեղ չի կորում։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ