ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ նպաստելու Կամբոջայի և Թաիլանդի միջև հաշտության բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղար Ռուբիոն մտահոգություն է հայտնել «շարունակվող բռնության» առնչությամբ։
«Ռուբիոն վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը խաղաղությանը և ընդգծել Կուալա Լումպուրի հաշտության համաձայնագրի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Ռուբիոն այնուհետև հաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել բանակցություններին՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղություն ու կայունություն ապահովելու նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները բանակցություններ են սկսել սահմանին զինված հակամարտությունը կարգավորելու համար։ Ըստ The Nation պարբերականի՝ ակնկալվում է, որ դեկտեմբերի 27-ին երկու երկրների պաշտպանության նախարարները հրադադարի համաձայնություն կստորագրեն։
Մինչ այդ, սակայն, տեղեկություններ են ստացվել մարտերի շարունակման մասին։