Հետևեք մեզ։

Եթե Ռուսաստանի նախագահ Պուտինը քննիչ հանձնաժողով չի գալու, ապա Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզերը կոտրելը թերի է լինելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

17:17, 20 հունիս 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից Hayastan.news-ն այսօր հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ընդդիմությունը չմասնակցեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։

«Մի քանի պատճառով, որովհետև ի սկզբանե այս քննիչ հաձննաժողովը չուներ հանրային վստահություն, չուներ լեգիտիմություն, և խիստ սուբյեկտիվ պայմաններում էր գործունեություն ծավալելու։ Երկրորդ, քննիչ հանձնաժողովողները ընդհանրապես ձևավորվում են ընդդիմության կողմից, որպեսզի այն գործիքակազմը, որը ընդդիմությունը չունի՝ իրավական, վարչական, դատական, այդ գործիքակազմն օգտագործի և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ճշմարտություն վեր հանի»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը փաստացի ուղիղ եթերով ինչ ուզում՝ ասում է, ուզում՝ մեղադրում է, անգամ իրեն փորձում է հերոսացնել, և նրան հակադարձող չկա, Մանուկյանն արձագանքեց․ «Ես էսօր մի պահ լսել եմ ելույթը, և նույնիսկ մենք գնայինք, փորձեինք հակադարձել հիմարագույն թեզերին, թե երբվանից է Արցախը դուրս եկել բանակցային սեղանից, նոյեմբերի 7-ին Շուշին հանձնված էր, թե չէ, բայց գործ ունենք մի աննորմալ վիճակի հետ․ եթե Ռուսաստանի նախագահ Պուտինը այս քննիչ հանձնաժողով չի գալու, ապա Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզերը կոտրելը, փշրելը, որ դու սուտ ես խոսում, թերի է լինելու»։

Հարցին, այսինքն՝ պետք էր Պուտինի՞ն էլ հրավիրել հանձնաժողով, պատգամավորն ասաց․ «Այո, որովհետև այսօր կարմիր գծի պես անցնում է՝ Պուտինը խոստացավ ու չարեց, Պուտինը էս ասաց, Պուտին էն ասաց, ես դեմ եղա․․․ իր սովորության համաձայն՝ էս երեք տարվա քաղաքականության, քարոզչության նույն շարունակությունն է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ