Հետևեք մեզ։

Քաղաքապետարանը խզել է Նուբարաշենի աղբավայրի կառավարումն իրականացնող տնտեսվարողի հետ պայմանագիրը

13:10, 29 դեկտեմբեր 2025
Քաղաքապետարանը խզել է Նուբարաշենի աղբավայրի կառավարումն իրականացնող տնտեսվարողի հետ պայմանագիրը

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեպքից հետո Երևանի քաղաքապետը խզել է պայմանագիրը՝ աղբավայրի կառավարումն իրականացնող տնտեսվարողի հետ, կառավարումն այժմ ամբողջությամբ իրականացնում է քաղաքապետարանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով հրդեհի դեպքին՝ քաղաքապետն ասաց. «Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չոտնահարելով՝ արձանագրեմ, որ Նուբարաշենի աղբավայրում այդ դեպքից 1-2 օր առաջ պահակներին մոտեցել էին և շատ տարօրինակ նախադասություններ ասել, թե շուտով այդտեղ բան է փոխվելու: Կարծում եմ՝ շատ տրամաբանական էր մեր այն ենթադրությունը, որ այդտեղ կար մարդկային գործոն: Մենք դրանից հետո խզել ենք այն պայմանագիրը, որ ունեինք տնտեսվարողի հետ, որն իրականացնում էր, այսպես ասած, աղբավայրի կառավարումը: Ամբողջությամբ այդ կառավարումն իրականացնում է քաղաքապետարանը»:

Նա ընդգծեց՝ մտնող և դուրս երկող բոլոր ավտոմեքենաների համար սահմանվել է հստակ վճար, որը վճարվում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին, ամբողջ աղբավայրը կահավորվել է, տեղադրվել են անցակետեր, տեսահսկման միջոցներ՝ տեսախցիկներ ամբողջ Նուբարաշենի աղբավայրով, հարթակն ամբողջապես հարթեցվել է:

«Այսօր Նուբարաշենի աղբավայրում, համեմատած մի քանի ամսվա հետ, հեղափոխական մասշտաբների փոփոխություններ ունենք՝ և կառավարման տեսանկյունից, և ընդհանուր ենթակառուցվածքի բարելավման տեսանկյունից»,-նշեց քաղաքապետը:

Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում հոկտեմբերին բռնկված հրդեհը պատահականություն չէր, այլ դիտավորություն:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները