Հետևեք մեզ։

Ես ոչ թե գնում եմ Փաշինյանի հետ սուրճ խմելու, կենացներ ասելու, այլ սուր հարցեր տալու․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

19:25, 20 հունիս 2023

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի կազմում ընդգրկված Դավիթ Սանասարյանը, որը այդ հանձնաժողովի կազմում ընդգրկվել է որպես արտախորհրդարանական ուժի՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար, այսօր հանձնաժողովի նիստից հետո Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած զեկույցը շատ ծավալուն էր և երկարաշունչ, որն իր մոտ չափից ավելի շատ հարցեր է առաջացրել, որոնք ամրագրել է ինքը, և ինքը ոչ թե այս փուլում ներկայացնելու է իր անհամաձայնությունները, այլ կոնկրետ հարցեր է տալու, որովհետև իր ֆունկցիան դա է։

Իսկ հարցերը տալու է՝ պատերազմին նախորդող շրջանի, պատերազմի ընթացքում կայացրած որոշումների ու իրավիճակների, դրանից հետո տեղի ունեցածի, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Շուշին դիտավորյալ հանձնելու, դավաճանության, դավադրության, սխալ մարտավարության, պատերազմը սխալ վարելու մեջ, մինչդեռ այսօր Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ինքն այդ ամենի հետ կապ չունի՝ փորձելով իրեն մաքրել այդ ամենից, Դավիթ Սանասարյանն ասաց, թե ինքը չի մեկնաբանի այդ ուժերին, որովհետև նրանց էլ շատ հարցեր կան տալու, որովհետև դա առանձին ինչ-որ մեկի մեղքը չէ, այլ բոլորի մեղավորությունն է։

Ըստ Սանասարյանի՝ ինքն ավելի խորքային հարցեր ունի, քան նրանք բարձրացնում են։

Հիշեցմանը, թե րեն՝ որպես արտախորհրդարանական ուժի, մեղադրում են Փաշինյանի հետ պարբերաբար հանդիպելու, նրա հետ նույն սեղանի շուրջ նստելու համար, արդյոք ինքը դրանով իրեն Փաշինյանին ռադիկալ ընդդիմություն համարո՞ւմ է, Սանասարյանն արձագանքեց․ «Մենք մեր քաղաքական ուժի դիրքորոշումներով շատ ավելի ռադիկալ ենք, քան էն, ինչ որ իրենք անում են։ Իրենք էլ Փաշինյանի հետ մասնակցում են Ազգային ժողովի նիստերին։ Ես որ գնում եմ Փաշինյանի հետ հանդիպելու, ես ոչ թե գնում եմ Փաշինյանի հետ սուրճ խմելու, կենացներ ասելու, այլ սուր հարցեր տալու, որովհետև ուրիշ տարբերակ չունեմ այդ հարցերը տալու»։

Դիտարկմանը, որ Փաշինյանի հետ հանդիպումներին մասնակցող ուժերին համարում են Նիկոլ Փաշինայնի գրպանային ընդդիմություն, Սանասարյանն ասաց․ «Գլուխները պատին են տալիս, էդ կարճ ասեմ, որովհետև չեմ կարծում՝ տենց մեկը որևիցե հիմնավոր բան կասի, որ ես որևիցե մեկի գրպանում կարող եմ հայտնվել։ Տենց մեկը գոյություն չունի, որ իր գրպանում հայտնվեմ՝ ո՛չ իր ուղեղի հնարավորություններով, ոչ իր կարողություններով»,-ասաց Դավիթ Սանասարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ