Հունիսի 18-ին Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն էր Չարեցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի բեմում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Վահագն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ խաչատրյանական հոբելյանական տարում իր ներդրումն ունենալ Արամ Խաչատրյանի երրորդ սիմֆոնիայի կատարմամբ: Սիմֆոնիա-պոեմը գրված է փողային գործիքների եռակի կազմով մեծ սիմֆոնիկ նվագախմբի, 15 մենակատար շեփորների և երգեհոնի համար: Սիմֆոնիա № 3–ը յուրօրինակ ստեղծագործություն է, Չարենցավանի երաժշտական դպրոցն էլ է յուրահատուկ, քանզի այստեղ է հանրապետության գործող երեք երգեհոններից ամենամեծը: Երաժշտական դպրոցի տնօրեն Վահագն Մարգարյանի հաջողվեց 1993 թվականից հետո Հայաստանյան բեմում կրկին հնչեցնել սիմֆոնիկ-պոեմը: Սրան զուգահեռ չի մոռացվել նաև մեկ այլ նշանավոր կոմպոզիտորի՝ Սերգեյ Ռախմանինովի հոբելյանի մասին: Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտ համար 2-ը ևս ծրագրում է: Վահագն Մարգարյանի խոսքով անչափ կարևոր է Չարենցավանի երաժշտական դպրոցի ճիշտ դիրքավորումը որպես մշակութային բացառիկ կենտրոնի: Ապագայում նպատակ ունեն հյուրընկալել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան մի շարք երաժշտական խմբերի: Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը համագործակցում է արդեն երրորդ տարին, յուրաքանչյուր անգամ համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Այս անգամն էլ բացառություն չէր: Հյուրերի շարքում էին համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, պատգամավորներ, ավագանու անդամներ, օտարերկրյա հյուրեր, արվետագետներ և պարզապես քաղաքացիներ, ովքեր կարևորում են որակյալ երաժաշտությունը: Դաշնամուրի և երգեհոնի մոտ Վահագն Մարգարյանն է, մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ սիմֆոնիկ նվագախումբն էլ ինչպես միշտ բարձունքում է: Կարեն Դուրգարյանի խոսքով կարևոր է մշակույթը մայրաքաղաքից մարզեր տանելը: Ցավոք, ոչ բոլոր դահլիճներում է տեխնիկապես հնարավոր մեծ կազմով նվագել, սակայն ուրախ է, որ Չարենցավանի համայնքապետարանի նախաձեռնությամբ երաժշտական դպրոցի բեմահարթակը մեծացվել է՝ սիմֆոնիկ նվագախմբին մեծ կազմով հյուրընկալելու և Արամ Խաչատրյանի 3-րդ սիմֆոնիկ-պոեմը կատարելու համար:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն էր Չարեցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի բեմում (լուսանկարներ)
21:57, 20 հունիս 2023