ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը, հայտնել են Սպիտակ տնից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը BBC-ին հայտնել է, որ Գրենլանդիայի ձեռք բերումը «ազգային անվտանգության առաջնահերթություն» է։
«Նախագահը և նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքականության նպատակին հասնելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը միշտ էլ գերագույն գլխավոր հրամանատարի տրամադրության տակ գտնվող տարբերակ է», - Սպիտակ տնից հայտնել են BBC-ին։
Այս հայտարարությունից առաջ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Դանիան համատեղ հայտարարություն էին տարածել ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի կազմում գտնվող կիսաինքնավար շրջանի՝ Գրենլանդիայի շուրջ՝ շեշտելով, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է հավաքական կերպով ապահովվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։