ԱԱԾ շենքի մոտ այսօր՝ հունիսի 21-ին, հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները` պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Ծնողներից Անահիտ Ադոյանն ասաց, որ նախ ուզում են հասկանալ, թե օրինակ ԱԱԾ-ն ինչ տեղեկություն ունի, բայց իրենց թվում է, որ պետական կառույցները սպասում են, որ հասկանան, թե իրենք ինչ տեղեկություն ունեն, որ դրա հիման վրա աշխատեն։
«Իրենք էդ կառույցն են, որ իմանան, թե մենք ինչ տեղեկություն ունեն, որ իմանան՝ ոնց աշխատեն։ Մենք նախ ուզում ենք իմանալ, թե իրենք ինչ տեղեկություն ունեն, իսկ եթե չունեն, մեր ունեցած տեղեկությունները կտրամադրենք, որ աշխատեն, ոչ թե «կռեսլոներին» նստեն ու «կաչելյա» լինեն։ Եթե չեք աշխատում, հելեք՝ հավաքվեք, գնացեք ձեր տները»,-ասաց տիկին Անահիտը։
Նա նաև տեղեկացրեց, որ կան ծնողներ, որոնք չեն հավատում, որ ում հուղարկավորել են՝ իրենց տղաներն են, որովհետև փորձաքննությունն անփույտ է արվել։
«Ես ինքս եմ գնացել, Կովսականի (Զանգելան) փոսը քանդել, բերել։ Եթե ես բերել եմ էդքան մասունքները, որոնց կոդերն իմ մոտ գրված է, ոնց են էդ մասունքից վեց ընտանիքի տալիս։ Այսինքն, եթե էդ մի դիահերձարանում եղել է օրինակ՝ 044 կոդը, ոնց է մեկին տալիս են ազդոսկր, մյուսին ծնոտ»,-ասաց նա։
Նա ասաց, որ 35 անհետ կորած զինծառայողի մասին է իրենց պահանջը։ Նա նշեց, որ ժամը երեքին ԱԱԾ-ում ընդունելու են իրենց, թե ում հետ է լինելու հանդիպումը, տեղյակ չէ։