Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հալեպի քրդաբնակ թաղամասերի մոտակայքում կրակի դադարեցման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
«Ելնելով Հալեպում մեր քաղաքացիական բնակչության անվտանգության համար մտահոգությունից և բնակելի թաղամասերում ռազմական նոր էսկալացիան կանխելու նպատակով՝ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Հալեպի Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերի մոտակայքում կրակի դադարեցման մասին, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով ժամը 3:00-ից», - նշված է հայտարարության մեջ։
Նախարարությունը պահանջել է Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող զինված խմբավորումներին լքել տարածքը ժամը 3:00-ից սկսած՝ նշելով, որ վերջնաժամկետը լրանում է հունվարի 9-ին՝ ժամը 9:00-ին։
Պաշտպանության նախարարությունը թույլատրել է հեռացող զինյալներին կրել միայն անձնական թեթև զենք։ Սիրիայի արաբական բանակը հանձն է առել ուղեկցել և ապահովել նրանց անվտանգ անցումը երկրի հյուսիս-արևելքում գտնվող տարածքներ։
Նախարարությունը հայտարարել է, որ այս միջոցառումը նպատակ ունի վերջ դնել այս թաղամասերում ռազմական իրավիճակին՝ ճանապարհ հարթելով օրենքի գերակայության համար, ինչպես նաև հնարավորություն տալով իրենց տներից բռնի տեղահանված բնակիչներին վերադառնալ և վերսկսել բնականոն կյանքը անվտանգության և կայունության մթնոլորտում։
Պաշտպանության նախարարությունը կոչ է արել զինված խմբավորումներին խստորեն պահպանել նշված ժամկետը՝ բոլորի անվտանգությունն ապահովելու և բախումները կանխելու համար։
Նշվում է, որ ներքին անվտանգության ուժերը, սիրիական բանակի հետ համատեղ, կազմակերպում են զինված խմբավորումների դուրսբերման մեխանիզմ։
Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ Սիրիական բանակը կոչ էր արել քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ ՍԴՈւ-ի բոլոր դիրքերից՝ նշելով, որ թիրախային գործողություններ է սկսում Աշրաֆիե, Շեյխ Մակսուդ և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող ՍԴՈւ-ի դիրքերի ուղղությամբ։