Հետևեք մեզ։

2018-ին Փաշինյանը խնդրել է Ալիևին նվազեցնել սահմանային լարվածությունը, փոխարենը հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից․ Մամիջանյան

13:16, 21 հունիս 2023
2018-ին Փաշինյանը խնդրել է Ալիևին նվազեցնել սահմանային լարվածությունը, փոխարենը հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից․ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը 2018-ին խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվազեցնել սահմանային լարվածությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։


Ըստ Մամիջանյանի՝ սահմանային լարվածության նվազման դիմաց Փաշինյանը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից։


«Փաշինյանը մեջբերում է Բելովեժյան համաձայնագիրը։ Հայտարարում եմ, որ ո՛չ Ալմա Աթայի, ո՛չ Բելովեժյան համաձայնագրերը Արցախին վերաբերելի չեն, որովհետև Արցախն արդեն իսկ անկախացել էր։ Եթե դրանք բանակցային հիմք կարող էին լինել, ինչո՞ւ մինչև հիմա չեն շրջանառվել»,- նշեց պատգամավորը։


Անդրադառնալով Շուշիի վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարություններին՝ Մամիջանյանը նշեց՝ վարչապետը մանիպուլացնում է․«Փաշինյանը փորձում է մանիպուլացնել փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, որ Շուշի կվերադառնային ադրբեջանցիները և փաստացի այն չէր լինի Արցախի տիրապետության տակ: Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվելու  է փախստականների վերադարձ: Այս պահին Արցախի տիրապետության տակ գտնվող տարածքներ գոնե 1 ադրբեջանցի եկե՞լ է:

Ներկայացնել, թե նման ձևակերպումը ենթադրում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է: Փաշինյանը ստում է, Շուշիի պահպանմամբ  հրադադարի հնարավորություն կար»: