Հետևեք մեզ։

Երբ առաջին հետախուզումը հայտարարվեց իմ նկատմամբ, ԱՄՆ իրավապահ մարմիններից եկել են մեզ հյուր, զրուցել ենք, ներկայացրել եմ՝ զարմացել են․ Արթուր Գևորգյանը՝ իր նկատմամբ քրգործերի և դատախազության պահանջի մասին

13:51, 21 հունիս 2023
Երբ առաջին հետախուզումը հայտարարվեց իմ նկատմամբ, ԱՄՆ իրավապահ մարմիններից եկել են մեզ հյուր, զրուցել ենք, ներկայացրել եմ՝ զարմացել են․ Արթուր Գևորգյանը՝ իր նկատմամբ քրգործերի և դատախազության պահանջի մասին

Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանից, որը նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել ՀՀ-ում և ԱՄՆ-ում գտնվող երկու անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, շուրջ 1 մլրդ 57 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 925 մլն դրամ և ֆիզիկական անձից դեբիտորական պարտքի պահանջի իրավունք՝ 56 մլն դրամի չափով։  Արթուր Գևորգյանը, որը 2019 թվականից ի վեր՝ բնակություն է  հաստատել ԱՄՆ-ում ու միաժամանակ գտնվում է հեռախուզման մեջ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ դատախազության նյութերին դեռ ծանոթ չէ, երբ ստանա՝ բովանդակային մասով կմեկնաբանի։

 

-Պարոն Գևորգյան, որքա՞ն ժամանակ է, որ Դուք գտնվում եք հետախուզման մեջ։

 

-2019 թվականից հետախուզում են հայտարարել և այս ընթացքում պարբերաբար կրկին հետախուզում են հայտարարում։ Տարբերությունը ուզում եմ հասկանալ՝ հետախուզվողի հետախուզումն ավելի՞ լուրջ է, թե՞ նա ճիշտ չէր, սա է ճիշտ, կամ, սա ճիշտ չէր, նա է ճիշտ։ Մի տեսակ լրջություն չկա էս ամենի մեջ։

 

-Իսկ քանի՞ քրեական գործ կա հարուցված Ձեր դեմ։

 

-Չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա այլևս, բայց բոլոր գործերով կան դատական վճիռներ, մեղադրանքներից շատերն անհեթեթություն էին, հերքվել են, նույն դատախազությունը քննության արդյունքում հերքել է իր իսկ մեղադրանքը՝ հայտարարագրի հետ կապված, Միացյալ Նահանգներում իմ տան հետ կապված, գույքի հետ կապված, իրենք իսկ արդեն փոխել են պահանջը, մեղադրանքը, որ, այո, ես չպետք է գրեի հայտարարագրում այդ տունը, այլ էնտեղ 40 հազար դոլարի չափով դեպոզիտ վճարածը պետք է գրեի, որովհետև ժամկետների խնդիր կար։ Եւ, հասկանո՞ւմ եք, իրենք իրենց հերքում են, հոդվածը փոխվում է, բայց հետախուզումը դեռ մնում է։ Լուրջ չի էս ամեն ինչը։

 

-Իսկ մտադրություն ունե՞ք երբևէ վերադառնալ Հայաստան։

 

-  Ես միշտ եմ մտադրություն ունեցել, միշտ եմ ասել, որ հետախոզումը հանեն, ես գոնե գամ, ներկայանամ։ Հետախուզմամբ իրենք սահմանափակում են իմ հնարավորությունը, որ գամ Հայաստան և ներկայանամ քննությանը։

 

-Դուք հետափոխությունից անմիջապես հետո՞ տեղափոխվեցիք ԱՄՆ՝ կանխատեսելով, որ քրեական գործեր կարող են լինել Ձեր նկատմամբ և դրանով փաստացի խուսափելով իրավապահներից, թե՞ այլ նպատակով էիք մեկնել ու մնացիք այնտեղ։

 

-Ոչ, ես հեղափոխությունից հետո բազմիցս երկրից դուրս եմ եկել, հետ եմ եկել, և երբեք մտադրություն չեմ ունեցել՝ տեղափոխվելու մշտական բնակության Միացյալ Նահանգներ։ Երբեք չի եղել կասկած, որ կարող է որևէ գործ լինել իմ նկատմամբ, որովհետև ես երբևիցե բյուջեի հետ գործ չեմ ունեցել, իսկ այն հատվածը, երբ ես աշխատել եմ բյուջեի հետ, ոչ մի քրեական գործ չկա, ոչ մի մեղադրանք չկա։ Այս ամենն ընդամենը հասարակությանը հիմարացնելու մեթոդներ են՝ Գևորգյան Արթուրի դեմ քրեական գործ հարուցելն ու հինգ տարվա մեջ ոչ մի բան չհիմնավորելը։

 

-Ի դեպ, Ձեր ընտանիքից Դուք միակը չէ, որի դեմ քրեական գործ է հարուցվել, գիտեք՝ նաև Վլադիմիր Գասպարյանի, նրա դստեր, այսինքն՝ Ձեր կնոջ դեմ ևս կա գործ հարուցված․․․

 

-Իրենք ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք հասարակության մեջ հարգանք, պատիվ, անուն ունեն, և աղմուկ են ստեղծում դրանով, փորձում են վարկաբեկել, չգիտեմ՝ իրենց վախերն ինչում են։ Ես միշտ եմ ասել՝ իմ ճանապարհը բացեք, իմ հետախուզում բացեք, ես վերադառնամ երկիր, տեսնեմ՝ ինչ եք ուզում ինձնից։ Բայց ոչ մի կերպ իրենք չեն ուզում շարժվել առաջ, իրենք ստեղծում են պրոբլեմ, որպեսզի էդ պրոբլեմը, էդ աղմուկը տարիներ շարունակ մնա, իրենք չեն ուզում, որ լուծվի այդ խնդիրը։

 

-Դուք ԱՄՆ-ում եք բնակվում, հետախուզման մեջ եք, բայց ԱՄՆ իրավապահները Ձեզ չեն հանձնում։ Նույն կերպ ՌԴ-ում ապրող և հետախուզման մեջ գտնվող այլ նախկին պաշտոնյաներ կան, որոնց էլ Ռուսաստանի իրավապահն մարմինները չեն հանձնում Հայաստանին։ Սա ինչո՞վ է պայմանավորված, ըստ Ձեզ։

 

-Միացյալ Նահանգները իրավական երկիր է, և եթե դատախազության կողմից որևէ հիմնավորում ներկայացված լիներ, որը համապատասխաներ իրականությանը, ապա իրենք անպայման կարձագանքեին այստեղ, և ինձ համար խնդիրներ կառաջանային։ Էնպես չի, որ իմ բնակության վայրը չգիտեն, իմ հասցեն չգիտեն, առաջին օրվանից ես ներկայացրել եմ իմ գտնվելու հասցեն, և քրեական գործ են կառուցել հենց դրա՝ իմ բնակարանի շուրջ, այսինքն՝ իմ հասցեն իրենք շատ լավ գիտեն։

 

-Ի դեպ, դատախազության հաղորդագրության մեջ նշված է, որ Ձեզնից պետք է բռնագանձեն ԱՄՆ-ում Ձեզ պատկանող երկու անշարժ գույքը։

 

-Դա երևի ինչ-որ մի սրիկայի ցանկությունն է, որը չի հիմնավորվում ոչ մի իրավական ակտով։

 

-Այդ «սրիկայի» անունը գիտե՞ք կամ պատկերացում ունե՞ք գոնե՝ որ մի «սրիկան» կարող է լինել։

 

-Որ իմանամ՝ էնքան հաճելի կլինի, ես ասում եմ՝ սրիկա, կարծելով, որ ինքը կարձագանքի, գոնե բարոյականություն կունենա կվիրավորվի և կարձագանքի, ես էլ կիմանամ այդ սրիկայի անունը։

 

-Իսկ ԱՄՆ իրավապահ մարմիններից երբևէ փորձե՞լ են Ձեզ գտնել կամ հրավիրել իրենց մոտ՝ որևէ գործողություն կատարելու։

 

-Առաջին տարվա ընթացքում միայն։ Երբ առաջին հետախուզումը հայտարարվեց իմ նկատմամբ, ԱՄՆ իրավապահ մարմիններից եկել են մեզ հյուր, զրուցել ենք, գրել են, ջնջել են, ներկայացրել եմ, զարմացել են։ Հիշո՞ւմ եք՝ աղմուկ եղավ, որ ինձ մի քանի օրով ձերբակալել են Միացյալ Նահանգներում, և այստեղ դատավորն է որոշում՝ ինձ կալանք տա, թե չտա, և դատավորը տեսնում է, որ ինձ մեղադրում են մինչև հունվարի 13-ը հայտարարագրում իմ այստեղի բնակարանը չլրացնելու համար, մինչդեռ ես այդ բնակարանը գնել էի մայիսի 6-ին։ Հասկանո՞ւմ եք, դա աբսուրդ է։ Եւ էդ ամենը, երբ դատավորը տեսնում է, շոկ է ապրում, որ ձեր երկրի իշխանությունները Ինտերպոլին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին անհանգստացնում են, ծախսի տակ են գցում սուտ տեղեկության հիման վրա։ Բայց հիմա ես ԱՄՆ իրավապահների հետ որևէ խնդիր չունեմ։

 

-Իսկ հետևո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին, զարգացումներին, այն ամենին, ինչ իշխանություններն են անում, Արցախի շուրջ տեղի ոնեցողին։

 

-Էնքան ցավալի թեմայից եք խոսում։ Իմ ընտանիքն իր կյանքի գնով է նվիրված եղել մեր հայրենիքին, մեր երկրին, Արցախին, իսկ հիմա այս ամեն ինչի ֆոնին կարելի է ուղղակի խելագարվել։ Ոչ մի բանական մարդու մոտ չի կարող նորմալ տպավորություն լինել այս իշխանությունների վերաբերյալ։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ